
«Եվրախորհրդարանի որոշումը Թուրքիայի հարցով հարված է ԵՄ-ի իմիջին». Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն քննադատել է Եվրախորհրդարանի որոշումը, որը երեկ հավանության է արժանացրել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները սառեցնելու մասին բանաձևը, հայտնում է Anadolu գործակալությունը։
«Թուրքիան միշտ հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ԵՄ կառույցների ցանկացած կառուցողական որոշում, այդ թվում՝ օբյեկտիվ քննադատությունը, սակայն, երբ կա կանխակալություն, ապա Անկարան դեմ է հանդես գալիս։ Մեզ համար նման որոշումները ոչ մի իրավական ուժ չունեն»,- հայտարարել է Չավուշօղլուն գործակալության հետ զրույցում։
Նրա խոսքով՝ նման կանխակալ ու սուբյեկտիվ քայլերը վնասում են հենց Եվրոպական խորհրդարանի ու Եվրամիության իմիջին։
Նա հիշեցրել է, որ Անկարան ավելի վաղ ևս հրաժարվել է ընդունել ԵՄ սուբյեկտիվ փաստաթղթերը։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ Անկարայի դեմ երկար տարիներ է, ինչ կիրառվում է երկակի ստանդարտների քաղաքականությունը։
«Կարծում եմ՝ ԵՄ-ն պետք է առաջին հերթին վերանայի սեփական դիրքորոշումն ու քաղաքականությունը։ Նման մեթոդներով Թուրքիայի վրա ճնշում գործադրելը անիմաստ է»,- հայտարարել է Չավուշօղլուն։
Եվրախորհրդարանը երեկ Ստրասբուրգում կայացած լիագումար նիստի ժամանակ վավերացրել է բանաձևը, որը կոչ է անում Եվրամիությանը կասեցնել դաշինքին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները թուրքական իշխանությունների գործողությունների համատեքստում։