Դոնալդ Թրամփը չի հետապնդի Հիլարի Քլինթոնին

Օրերս Դոնալդ Թրամփը հանդիպում է ունեցել The New York Times պարբերականի լրագրողների ու խմբագիրների հետ: Քարոզարշավի ընթացքում Թրամփը սուր քննադատության էր ենթարկել պարբերականը՝ այն անվանելով անազնիվ և խաբեբա։ Սակայն այժմ նա ասում է, որ հարգում է և ընթերցում այն: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Թրամփն ակնարկել է, որ չի պատրաստվում Քլինթոնի մասնավոր էլեկտրոնային փոստի օգտագործման և Քլինթոնի հիմնադրամի հետ կապված գործերին ընթացք տալ:

«Ես չեմ ցանկանում վնասել Քլինթոնների ընտանիքին: Նա շատ դժվարությունների միջով է անցել և շատ տառապել: Քարոզարշավը դրա վառ ապացույցն է»,- նշել է Թրամփը:

Նա նաև ասել է, որ հետաքրքրված չէ Քլինթոնի գործի հետաքննության մեջ:

Լրագրողների հետ զրույցում Նյու Յորքի նախկին քաղաքապետ և ապագա կառավարության հնարավոր անդամ Ռուդի Ջուլիանին ասել է, որ այս որոշումն արտոցոլում է ամերիկյան քաղաքական կյանքի բնորոշ գծերը:

«Ամերիկյան քաղաքականության մեջ կա սովորություն, որ երբ հաղթում ես ընտրություններում, ապա թողնում ես անցած քարոզարշավն անցյալում: Եվ եթե նա ընդունել է այդ որոշումը, ապա դա համապատասխանում է պատմական այդ սովորույթին, երբ ամեն ինչ դրվում է մի կողմ՝ ազգը համախմբելու համար»,-ասել է նախկին քաղաքապետը:

Թրամփը նախկինում քարոզարշավի ժամանակ մշտապես վիրավորել է Հիլարի Քլինթոնին՝ նրան անվանելով «խարդախ Հիլարի»: Քարոզարշավի ընթացքում անցկացված ցույցերի ժամանակ նա կանգնած լսում էր, թե ինչպես էր ամբոխը կոչ անում ձերբակալել Քլինթոնին: Նա խոստացել էր հատուկ դատախազ նշանակել, որը կհետաքննետ Քլինթոնի գործերը և անգամ նախագահական բանավեճերից մեկի ժամանակ ուղղակի սպառնացել էր բանտ նստեցնել նրան:

Թրամփը նաև ասել է, որ մաքուր միջավայրը շատ կարևոր է, և կարծում է, որ կլիմայի փոփոխման և մարդկության գործողությունների միջև առկա է կապ: Նախկինում նա համաշխարհային ջերմացումն անվանել էր Չինաստանի ստեղծած խաբեություն, սակայն այժմ հետ է կանգնում՝ Միացյալ Նահանգները կլիմայի մասին Փարիզյան համաձայնագրից դուրս բերելու իր խոստումից:

Հունվարի 20-ին Թրամփը, որպես նորընտիր նախագահ, կփոխարինի նախագահ Օբամային, ով նույն օրը կհեռանա Սպիտակ տնից:

Տեսանյութեր

Լրահոս