Պուտինը՝ Հայաստանում
Պուտինը Հայաստանում է միշտ։ Ամենուր ու ամեն օր։ Պուտինը հայ բոլոր պաշտոնյաների սրտերում ու մտքերում է։ Պուտինը քաղաքական ուժերի մեծամասնության երազանքներում ու հաշվարկներում է։ Պուտինը Հայաստանի իշխանությունում է։ Պուտինը Հայաստանի երեկն է, այսօրն ու վաղը…
Հիմա ռուս տուրիստներին ցանկանում են առցանց վիզայի մուտք ապահովել Հայաստան։ Բայց տուրիստները դեռ ոչինչ։ Հայ պուտինասպասարկներն ավելի հեռուն են գնացել ու անվիզա մուտք են ուզում ապահովել ռուսերենի համար։ Հայ երեխաների ուղեղներ ու մտքեր։ Դաշնակ կրթության նախարարն իր ազգային պաթոսով հայտարարում է, թե՝ շահագրգիռ եմ, որ Հայաստանում տարածված ռուսերենն ավելի տարածվի։ Էլ ինչո՞ւմ եք շահագրգիռ, ազգայիններ։
Չեն մտածում, որ մի օր էլ հերթական ռուս չինովնիկներից մեկը հայտարարելու է, որ մտադիր են եվրասիական մարազմի անդամ երկրների պաշտոնյաների ազգանունները փոխել։ Այդ ժամանակ ինչքա՞ն եք շահագրգիռ լինելու ու է՞լ ինչներդ եք պատրաստ լինելու փոխել ու տարածել։
Երկիրը հանձնելը միայն պատերազմում տարածք տալը չէ, հատկապես, որ լինում են դեպքեր, որ մատղաշ երեխաները՝ սահմանի զինվորները, կարող են տալու փոխարեն՝ պահել հողը։ Երկիրն ավելի անդարձ հանձնում են նաև կամ առաջին հերթին՝ լեզուն հանձնելով ու հանձնելով ամենայնը, ինչը մտքի ու մտածողության հետ է կապված։ Ռուսերենին ուզում են անկարգավիճակ կարգավիճակ տալ, որպեսզի այսօրվա երեխաները մտածեն ռուսերեն ու ապրեն ռուսերեն ու որպեսզի հանկարծ չմտածեն ռուսականությունից դուրս կյանքի մասին։
Առջևում ընտրություններ են, ու գրեթե բոլորը, ովքեր այս կամ այն կերպ մասնակցելու են այդ ընտրություններին, այսինքն՝ ցանկանալու են շահող դուրս գալ այդ ընտրություններից, ահա այդ բոլորն այսօրվանից արդեն սկսել են ռուսահաճությունը, որովհետև ենթագիտակցորեն գիտեն, որ տեղապահների շարքերում հայտնվելու համար պետք է արժանանան Պուտինի իշխանության հավանությանը։
Ընտրությունները տեղի են ունենալու ապրիլին՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմից ուղիղ մեկ տարի անց։ Ռուսներն այդ պատերազմով փորձեցին իրենց Հայաստանում, ու մի քիչ իրենց դիրքերը սասանված զգալով՝ որոշեցին ռուսականությունն ավելի խորը մեխել Հայաստանում։ Որոշեցին ու մեխում են։ Դաշնակներով։ Որպեսզի ավելի խորը մեխվի։ Որովհետև գիտեն, որ պատմականորեն դաշնակներից լավ պետություն մեխողներ չկան։