Եվրախորհրդարանը հավանության արժանացրեց ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները սառեցնելու մասին բանաձևը
Եվրախորհրդարանն այսօր Ստրասբուրգում կայացած լիագումար նիստի ժամանակ վավերացրել է բանաձևը, որը կոչ է անում Եվրամիությանը կասեցնել դաշինքին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները թուրքական իշխանությունների գործողությունների համատեքստում։
«Բանաձևը հավանության է արժանացել»,- հայտարարել են քվեարկության արդյունքները հրապարակելիս։
Երեկ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել էր, որ ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերությունները ճամփաբաժանին են գտնվում և որ «հռետորաբանությունից անցումը մահապատժի վերականգնմանը ազդանշան կլինի, որ Թուրքիան չի ցանկանում դառնալ եվրոպական ընտանիքի անդամ՝ ո՛չ Եվրոպայի խորհրդի, ո՛չ Եվրամիության»։
Անձամբ Էրդողանը հայտարարել է նախօրեին, որ Եվրախորհրդարանի բանաձևի ընդունումը Անկարայի համար ոչ մի նշանակություն չի կարող ունենալ։