«Ուրախ կլինեմ, որ Կարեն Կարապետյանը լինի ՀՀԿ-ի մաքրողներից մեկը». Քաղաքագետ
«Վաղուց էր խոսվում այն մասին, որ Կարեն Կարապետյանը պետք է անդամակցի ՀՀԿ-ին. բավական արագ այդ գործընթացը կազմակերպվեց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ խոսելով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու որոշման մասին։
Նրա խոսքով՝ սա Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան ձեռք բերված համաձայնություն է, և ունի բավական մեծ նշանակություն այն առումով, որ պատասխանատվությունը երկուստեք շատ մեծ է։
«Կարեն Կարապետյանի կառավարության հաջողությունը նույն ՀՀԿ-ի կողմից կվերագրվի իրեն, որ կօգտագործվի պառլամենտական ընտրությունների ժամանակ և կդառնա այն գլխավոր թեզը, որով ՀՀԿ-ն կփորձի ժողովրդին համոզել, որ ինքն ի վիճակի է կառավարել այս երկիրը։ Իսկ Կարեն Կարապետյանի կառավարության անհաջողությունն արդեն ժողովուրդը կվերագրի Սերժ Սարգսյանին, որի հետևանքները կլինեն բավականին խնդրահարույց ՀՀԿ-ի համար։ Հիմա Սերժ Սարգսյանը նպատակ է դրել՝ մինչև գարուն սպասվող Ազգային ժողովի ընտրությունները քիչ թե շատ բարելավել սոցիալ-տնտեսական վիճակը Հայաստանում, որը ծայրահեղ ծանր է։ 2008 թվականից այս կողմ ՀՀԿ-ի կառավարությունները գրեթե ամբողջությամբ ձախողել են իրենց գործունեությունը։ Կարեն Կարապետյանին հիմա մնում է մաքրել այն ավգյան ախոռները, որոնք նա ժառանգեց երկու վարչապետներից, առավել ևս՝ Տիգրան Սարգսյանից»,- նշեց մեր զրույցակիցը։
Անդրադառնալով Կ. Կարապետյանի բերած այն հիմնավորմանը, որ ՀՀԿ-ն որոշում է կայացրել փոխվել և ունի իր մեջ այդ ներուժը՝ քաղաքագետն ասաց, որ ուրախ կլինի, որ ՀՀԿ-ի որոշումն ի կատար ածվի. «ՀՀԿ-ն շատ վաղուց է որոշել փոխվել, բայց ինչքան մենք տեսնում էինք, քաղաքական գործընթացները վերջին շրջանում ցույց էին տալիս, որ ՀՀԿ-ն ոչ թե փոխվել է, այլ ընդհակառակը՝ ավելի լճացել և ճահճացել է։ ՀՀԿ-ն փոխելու համար ջանքեր են պետք գործադրել։ Շատ ուրախ կլինեմ, որ Կարեն Կարապետյանը լինի այն ՀՀԿ-ի մաքրողներից մեկը, որ պետք է սկսի այդ գործընթացը։ ՀՀԿ-ն մաքրելու համար բավական ջանքեր են պետք»։
Գ. Համբարյանի խոսքով՝ հիմա ՀՀ-ի բոլոր քաղաքական ուժերը պատրաստվում են ապրիլի 2-ին սպասվող Ազգային ժողովի ընտրություններին. «Կարեն Կարապետյանն անդամակցելով ՀՀԿ-ին և ունենալով հաջողություններ՝ կարող է նույն ձևով ներկայացնել այդ հաջողությունները հասարակությանը՝ որպես ՀՀԿ-ի հաջողություն, և՝ հակառակը։
Իրականում, ամեն ինչ կախված է, թե ինչ քաղաքական ծրագրով կառաջնորդվի ՀՀԿ-ն և կունենա՞ արդյոք այնքան կամք, որ իրոք իրականացվեն խորքային բարեփոխումներ։ Նախագահն իր հարցազրույցներում ասաց, որ՝ «նեղանալ չլինի», և առաջնորդվելով այդ կարգախոսով՝ իրենք պետք է ձերբազատվեն այն հնացած, փտած, բազմաթիվ կուսակցություններ փոխած մասսայից, որ հիմա պատսպարվել է ՀՀԿ-ի ներքո և շարունակում է իր ապապետական, հակապետական գործունեությունը»։