Հունվարի 1-ից Արցախում բնական գազի համար նոր սակագներ կսահմանվեն
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական (ԼՂՀ ՀԾՏՄԿՊ) հանձնաժողովի այսօր՝ նոյեմբերի 24-ին, կայացած նիստում բավարարել է «Արցախգազ» ՓԲԸ-ի ներկայացրած հայտը, որի համաձայն՝ 2017 թվականի հունվարի 1-ից Արցախում գործելու են բնական գազի նոր սակագներ:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ԼՂՀ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի կողմից հաստատված նոր սակագնի համաձայն` ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը գործող 146.7 ՀՀ դրամի փոխարեն կազմելու է 139 ՀՀ դրամ՝ սպառված յուրաքանչյուր 1 խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն):
Նվազեցվել է նաև 10,000 խմ և ավելի սպառողների համար գործող 257.56 ԱՄՆ դոլար սակագինը:Մեկ այլ փոփոխությամբ՝ ընկերության կողմից սահմանվել են նաև նոր սպառողական խմբեր:
Մասնավորապես, ջերմոցային տնտեսությունները յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի դիմաց գործող 257.56 ԱՄՆ դոլարի փոխարեն կվճարեն 212 ԱՄՆ դոլար՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: Նույն սակագնով կվճարեն նաև վերամշակող կազմակերպությունները: Իսկ ամսական 10,000 խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող այլ սպառողներին բնական գազը կվաճառվի յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի դիմաց 242.1 ԱՄՆ դոլարով` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
Հիշեցնենք, որ այս տարի «Արցախգազ» ՓԲԸ-ն արդեն երկրորդ անգամ է հայտ ներկայացնում ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով՝ բնական գազի վաճառքի սակագների վերանայման նպատակով:
Հուլիսի 25-ին ներկայացված հայտի համաձայն՝ սեպտեմբերի 1-ից հանրապետությունում բնական գազի սակագները մինչև 10.000 խմ սպառողների համար 156 դրամից նվազել է մինչև 146.7 դրամ, իսկ 10,000 խմ և ավելի սպառողների համար 276.98 ԱՄՆ դոլարից դարձել է 257.56 դոլար: