Սահմանադրության նոր նախագիծը ե՞րբ կդրվի համաժողովրդական հանրաքվեի. բացառիկ հարցազրույց Աշոտ Ղուլյանի հետ

Նոյեմբերի 18-ին և 19-ին ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստերում ամփոփվել են Արցախի Հանրապետության Սահմանադրության նոր նախագծի նախնական տարբերակի հանրային քննարկումների արդյունքները:

Ի՞նչ հարցեր ու առաջարկություններ են եղել հանրության կողմից, ե՞րբ է նախատեսվում համաժողովրդական հանրաքվեի դնել Սահմանադրության նոր նախագիծը: Այս և այլ հարցերի շուրջ «Արցախպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում պատմել է ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

– Պարոն Ղուլյան, ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հասցրել է արդյո՞ք նախատեսված ժամկետում ավարտել սահմանադրական նախագծի բարեփոխումների հանրային քննարկումների փուլը:

– Մասնագիտական հանձնաժողովը սահմանված ժամանակացույցով անց է կացրել բոլոր նախատեսված հանդիպումները և, այս օրերին մենք ամփոփում ենք հանրային քննարկումների արդյունքները: Սակայն, նորից շեշտենք, որ հանրային քննարկումների այս փուլի ավարտն ամենևին չի նշանակում, որ Սահմանադրության նախագծի աշխատանքային տարբերակին անդրադառնալու հնարավորություն չունենք. հակառակը, կարելի է ասել, որ պաշտոնական ներկայացումից հետո հանձնաժողովը բազմաթիվ առաջարկություններ է ստացել, այս պահին էլ շարունակում է ստանալ:

Սահմանադրության նախագիծը նոյեմբերի 20-ին ներկայացվել է Հանրապետության Նախագահին: Վստահ եմ, որ ինչպես Սահմանադրության հայեցակարգի ներկայացման դեպքում, այնպես էլ հիմա, նախագահի նախաձեռնությամբ սպասվում են լրացուցիչ քննարկումներ և հանդիպումներ, ինչը թույլ կտա ընդլայնել հանրային քննարկումներում ներգրավված հասարակական շրջանակների և խմբերի շարքը: Ակնկալում ենք, որ այդ քննարկումներից ևս կունենանք առաջարկություններ, ինչը մեզ համար կարևոր է՝ ներկայացված նախագծի հանդեպ հանրության վերաբերմունքը ճիշտ գնահատելու համար:

– Հետաքրքիր է իմանալ, ըստ Ձեզ, ինչպիսի՞նն է եղել հանրության արձագանքը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, ի՞նչ են ցույց տվել մարդկանց հետ հանդիպումները, հիմնականում ո՞ր հոդվածներն են մեծ ուշադրության արժանացել:

– Միանշանակ կարելի է փաստել, որ մեր հանրության գերակշիռ մասը ակնհայտ հետաքրքրված է ներկայացված Սահմանադրության նախագծով: Ինչ վերաբերում է կոնկրետ հոդվածների հանդեպ ցուցաբերած ուշադրությանը, ապա դրանք ավելի շատ կապված են հանրային այս կամ այն խմբերի նախապատվությունների ու հակումների հետ: Մեր հասարակության մեծ մասին ավելի շատ հետաքրքրում են Արցախի ապագային միտված թեմաները, մասնավորոպես պետական և հանրային իշխանությունների իրավազորության սահմաններին, երկրի անվանմանը, իշխանության թևերի միջև հակակշիռների առկայությանը, անցումային շրջանի իրավակարգավորումներին և այլն: Ստացված առաջարկությունները վերաբերում են նախագծի բոլոր գլուխներին: Փաստորեն, կարող ենք նշել, որ առաջինից մինչև վերջին հոդվածը, հանրային և քաղաքական շրջանակների կողմից արժանացել են մանրակրկիտ վերլուծության:

Այս փուլում պակաս կարևոր չէ Սահմանադրության նախագծով առաջարկվող մեխանիզմների հնարավոր ռիսկերը, որոնք մենք պարտավոր ենք գնահատել և անհրաժեշտ հետևություններ անել: Հանձնաժողովը շարունակելու է հավաքագրել տարբեր գաղափարներ ու առաջարկներ, որոնք կարող են օգտակար լինել նախագծի քննարկման հաջորդ փուլերի համար:

– Պարոն Ղուլյան, իսկ ընդհանուր առմամբ հանրային քննարկումների արդյունքում սահմանադրական նախագծի վերաբերյալ քանի՞ առաջարկ է ստացվել:

– Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը մինչ այս պահը ստացել է ավելի քան 150 առաջարկություն, որի գրեթե կեսը մեր հանդիպումների ժամանակ առաջադրվել է բանավոր հարցերի տեսքով: Բոլոր առաջարկություններն ու հետաքրքիր գաղափարները, հանձնաժողովն այս պահին փորձում է խմբավորել, վերլուծել և առանձնացնել ընդունելի տարբերակները:

– Լրամշակվելու արդյունքում ինչպիսի՞ փոփոխություններ են կատարվել, նախագծում ավելացել կամ հանվե՞լ են հոդվածներ:

– Այս պահին ավելացված հոդվածներ չունենք, սակայն եղած հոդվածներում փոփոխությունների համար արդեն ունենք որոշ գաղափարներ, որոնց մի մասը մուտքագրվել է: Աշխատանքն այդ ուղղությամբ շարունակվում է:

– Հանրությանը հետաքրքիր է նաև, թե Սահմանադրության նոր նախագիծը երբ է հանրաքվեի դրվելու: Այս առումով կարո՞ղ եք գոնե մոտավոր ժամկետ նշել:

– Քանի որ հանրապետության նախագահի կողմից սահմանադրական բարեփոխումների գործընթացն արհեստականորեն չարագացնելու խնդիր է դրված, այս պահին ճիշտ չէ որևէ կոնկրետ ժամկետ նշելը: Կարելի է ենթադրել, որ դեկտեմբերի կեսերին Նախագահը Սահմանադրության նախագիծը կուղարկի Ազգային ժողով: Խորհրդարանը, կանոնակարգի համաձայն, նախագծի քննարկումը կարող է կազմակերպել մի քանի փուլերով. առաջին փուլում Սահմանադրության նախագծի քննարկումը ընդմիջվում է, որպեսզի պատգամավորները, խմբակցությունները կարողանան առաջարկություններ ներկայացնել հաջորդ քննարկումների համար: Կարծում եմ՝ հունվարին քննարկումների ընթացքը ցույց է տալու, թե ինչ ժամկետներ կարելի է նախանշել լրամշակված նախագիծը համաժողովրդական հանրաքվեի դնելու համար:

Այս պահին առկա են բոլոր նախադրյալները, անհրաժեշտ ընթացակարգերը պահպանելով, 2017 թվականի առաջին եռամսյակում Սահմանադրության նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու համար:

Հարցազրույցը վարեց Վեհանուշ Հովսեփյանը

Տեսանյութեր

Լրահոս