7 հազար դրամով «Պոբեդան» ընդամենը 3 թռիչք կիրականացնի. հետո կթանկանա տոմսը. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը, պարզվում է, ընդամենը առաջին երեք թռիչքներն է Գյումրիից Մոսկվա իրականացնելու 7 հազար դրամով: Առաջին թռիչքը նախատեսված է դեկտեմբերի 15-ին, երկրորդը՝ 18-ին, երրորդը՝ դեկտեմբերի 22-ին: Այս երեք օրերի համար 1 ավիատոմսի արժեքը սկսվում է 7 հազար 117 դրամից, իսկ դրանից հետո 17 հազար, ապա՝ 21, 25 եւ 29 հազար դրամներ: Հաշվի առնելով, որ դեկտեմբերի վերջին շաբաթը նախատոնական է, կարելի էր տրամաբանական համարել թանկացումը, սակայն «Պոբեդա»-ն տոներից հետո էլ հունվար ամսին ամենաէժան տոմսը սահմանել է 17 հազար դրամ:
7 հազար 117 դրամ արժողությամբ տոմս ունենալու դեպքում քաղաքացին ինքնաթիռում կարող է կրել հետեւյալ իրերը՝ կանացի պայուսակ կամ պորտֆել, հովանոց, ձեռնափայտ, ծաղկեփունջ, վերնաշապիկ, կոստյում, տպագիր մամուլ եւ պլանշետ:
Նշենք, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանy 2014 թվականին ազատվեց, այսպես ասած, «օդի փող»-ից, որպեսզի օդանավակայանը շահավետ լինի բյուջետային ավիաընկերությունների համար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: