«Չենք շտապում ընդլայնվել». ՇՀԿ գլխավոր քարտուղարը՝ կազմակերպությանը Թուրքիայի անդամակցության մասին
Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) արագ ընդլայնվելու նպատակներ չունի, հայտարարել է միավորման գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը՝ մեկնաբանելով ՇՀԿ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցությունը: Ընդ որում՝ նա նշել է, որ կազմակերպությանը ցանկանում են միանալ նաև Սիրիան և Ուկրաինան։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Պատասխանելով ՄԱԿ-ում՝ ՇՀԿ-ին Թուրքիայի անդամակցության մասին լրագրողների հարցերին, Ալիմովը նշել է, որ «Թուրքիան երկխոսության հարցով գործընկեր է»։
«Մենք չենք շտապում ընդլայնվել: Ներկայումս քայլը քայլի հետևից, համապատասխան պարտավորությունների մասին հուշագրին, աշխատում ենք Հնդկաստանի և Պակիստանի հետ: Մենք կավարտենք այդ գործընթացը, հետո կտեսնենք, թե ինչպես է դա աշխատելու: Մենք գնում ենք մեր ճանապարհով, ունենք մեր ծրագիրը և մենք այն իրականացնում ենք»,- հայտարարել է Ալիմովը:
Նրա խոսքով՝ «հետաքրքրությունը կազմակերպության նկատմամբ պահպանվում է, այն աճում է»։ «Ցանկացողները շատ են։ Մենք, օրինակ՝ հայտեր ունենք Իսրայելից, Եգիպտոսից, Սիրիայից, Ուկրաինայից, Մալդիվյան կղզիներից և այլն»,- ասել է նա։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցությունը միակ տարբերակը չէ, որ Անկարան դիտարկում է ՇՀԿ-ին միանալու հնարավորությունը։
2001 թվականին ստեղծված ՇՀԿ-ի անդամներն են Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը։ Երկխոսության հարցով գործընկեր երկրներն են Հայաստանը, Ադրբեջանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան: