Երևանը ողջունում է ռուսերենին հատուկ կարգավիճակ տալու գաղափարը. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի ԱԳՆ հատուկ կարգադրությունների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան օրերս հայտարարել է, որ ՌԴ-ն պետք է ջանք գործադրի նախկին ԽՍՀՄ պետություններում ռուսերենին օրենսդրական հատուկ կարգավիճակ տալու ուղղությամբ: «Մեկ սերունդ հետո մենք կբախվենք այն փաստին, որ մարդիկ կդադարեն ռուսերեն խոսելուց»,-ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ ասել է Միտրոֆանովան։ Առաջին անգամ չէ, որ ՌԴ պաշտոնյաները խոսում են ԱՊՀ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում ռուսերենին հատուկ կարգավիճակ տալու մասին: Նախկինում նույնպես նման հայտարարություններ եղել են: Ի տարբերություն նախորդների, այս անգամ, սակայն,  Հայաստանում քաղաքական եւ հասարակական մակարդակով ավելի ըմբռնումով են մոտենում խնդրին:

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը տարբեր լրատվամիջոցների նույն հարցին, թե Միտրոֆանովայի հայտարարության վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի Հայաստանը, պատասխանում է, որ Հայաստանի դիրքորոշումը արտահայտված է Սերժ Սարգսյանի`«Ռոսիա 24» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված  հարցազրույցի համապատասխան հատվածում:

«Մենք անընդհատ ասում ենք, թե ինչպիսի լրացուցիչ ջանքեր գործադրել, որպեսզի Հայաստանում պահպանվի եւ տարածվի ռուսերենը։ Հասկանալի է, որ մեթոդներից մեկն այն է, որ ռեստորանում կամ հյուրանոցում, որտեղ ռուս զբոսաշրջիկներ են մնալու, անձնակազմը լավ իմանա ռուսերեն։ Եվ այդպես շարունակ։ Կարծում եմ, որ արդեն հաջորդ տարի մենք այստեղ մեծ աճ կտեսնենք»,- նշված հատվածում ասում է Սերժ Սարգսյանը:

Ուրիշ ինչպե՞ս ասեր ՀՀ ԱԳՆ խոսնակը, որ Հայաստանը ողջունում է Միտրոֆանովայի  հայտարարությունը: Նման բան ուղիղ հայտարարելու դեպքում մեծ աղմուկ կբարձրանար:  Սերժ Սարգսյանին հարցազրույցին հղում անելը Ռուսաստանի ԱԳՆ գործընկերները, բնականաբար, ճիշտ կհասկանան: Հայաստանում որոշակի թյուրըմբռնում առաջացավ: Դա, սակայն, այս դեպքում միայն օգտակար է,  քանի որ ավելորդ աղմուկից ազատեց:

Եւս մեկ անգամ ընդգծենք. ՌԴ ԱԳՆ պաշտոնյան հայտարարում է՝ պետք է ջանք գործադրել, որ ԱՊՀ երկրներում ռուսերեն խոսելը չմոռանան: Այն հարցին, թե այս հայտարարության հետ կապված ինչ դիրքորոշում ունի Հայաստանը, ՀՀ ԱԳՆ խոսնակը  հղում է անում Սերժ Սարգսյանին: Իսկ Սերժ Սարգսյանն ասում է,  որ Հայաստանում պետք է ավելի շատ մարդ ավելի լավ խոսի ռուսերեն:  Այսինքն նույնը, ինչ որ` Միտրոֆանովան»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս