Բադասյանը Քննչական կոմիտեում, բացի Մովսես Հակոբյանից, այլ գեներալների անուններ էլ է տվել. ՀԺ
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում: Հարցաքննությունը մի քանի ժամ է տեւել, որի ընթացքում Բադասյանը բացատրություն է տվել ՊՆ-ում հացթխման գործընթացում չարաշահումների վերաբերյալ իր հայտարարությունների, հարցազրույցների շուրջ: Խոսքը հոկտեմբերի սկզբին համացանցում արված գրառման եւ դրան հաջորդած հարցազրույցներին է վերաբերում:
ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Քննչական կոմիտեում պնդել է իր հայտարարությունները.
– Այո, ես հենց այդ տրամաբանությամբ էլ առաջնորդվեցի, նշեցի, որ սա մասնավոր դեպք է, բայց այս դեպքը չէ միայն, շատ նման դեպքեր կան, ուղղակի այս պահին նրա մասին է խոսք գնացել:
– Պարոն Բադասյան, խոսքը Մովսես Հակոբյանի չարաշահումների վերաբերյալ հայտարարությունների մասի՞ն է:
– Այո, դա որպես մասնավոր դեպք ներկայացրի, որովհետեւ այնպես չէ, որ ամեն ինչ լավ է, միայն դա էր վատ: Ամեն տեղ էլ կա նման բան:
– Դուք շուրջ 5 ժամ հարցաքննվել եք: Այդ ընթացքում միայն այդ հայտարարությունների շո՞ւրջ են եղել հարցերը:
– Եթե այդքան երկար է տեւել, դա խոսում է այն մասին, որ մատների արանքով չեն նայում գործին, հանգամանալից փորձել են զբաղվել, օբյեկտիվ նյութեր հավաքել:
– Դուք նշում եք, որ միայն Մովսես Հակոբյանը չէ, որ չարաշահումներ է անում: Պատրա՞ստ եք փաստեր ներկայացնել նաեւ մյուսների վերաբերյալ:
– Ես պատրաստ եմ, բայց այս մեկը հորով-մորով անենք, հետո մյուսներին կանցնենք:
– Իսկ դուք անուններ կասե՞ք, ո՞ւմ մասին է խոսքը բացի Մովսես Հակոբյանից:
– Ես քննչականին անուններ հայտնել եմ, բայց հիմա չեմ ուզում հայտնել, որովհետեւ կարող է ես հայտնեմ, գիշերը նրանցից մեկը փախչի եւ ազատվի պատասխանատվությունից:
– Խոսքը գեներալների մասի՞ն է:
– Այո: Հետո գեներալները տեսնում՝ նեղանում են, ասում են իմ անունը տվել ես, էսինչի անունը չես տվել: Ես էլ վատ եմ զգում, որ բոլորի անունը չեմ կարողանում տալ ու նեղացնում եմ մարդկանց: Դրա համար ես նաեւ լավ գեներալների անունները չեմ տալիս. մտածում եմ ոմանց կմոռանամ, կմտածեն, թե իրենց մասին վատ կարծիք ունեմ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: