«ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրն այնքան հավակնոտ չի լինի այնքան, որպեսզի չստորագրվի». Մոլդավացի վերլուծաբան

«ԵՄ ընդլայնումը ժամանակավորապես դադարեցված է, ինչը բացասաբար կանդրադառնա Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից  երկրների առաջընթացի վրա»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արտաքին հարաբերությունների մոլդավական ասոցիացիայի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Վիկտոր Կիրիլեն՝ անդրադառնալով Եվրոպական միության «Արևելյան գործընկերություն» ծրագրի ապագային։

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում Մոլդավան, Ուկրաինան և Վրաստանը ստորագրել են Ասոցացման համաձայնագրեր ԵՄ-ի հետ, իսկ Հայաստանը նախորդ տարվա դեկտեմբերից վերսկսված  բանակցություններն է շարունակում, որոնց արդյունքում պետք է Ասոցացման համաձայնագրին փոխարինող նոր շրջանակային համաձայնագիր կնքվի Եվրոպական միության և Հայաստանի միջև։ Մոլդավացի փորձագետն ասաց, որ վերջին մի քանի տարիների ընթացքում բավականին  բարդ ժամանակներ են սկսվել ԵՄ-ի համար, որոնց հետևանքներից մեկը բրիտանական Brexit-ն էր:

Ըստ նրա՝ սա «սառը ցնցուղ» դարձավ ԵՄ-ի համար՝ նախանշելով անորոշ ժամանակներ ԵՄ ընդլայնման քաղաքականության հարցում։ Կիրիլեի համոզմամբ՝ պարզ է, որ ժամանակավորապես դադարեցված է ԵՄ ընդլայնման գործընթացը, քանի որ դրված է ԵՄ-ի ներքին խնդիրները լուծելու, ինտեգրացիոն այս կառույցը  գաղափարապես վերաիմաստավորելու հարցը, ինչն անհնարին է դարձնում այդ կառույցի ընդլայնումը մոտ ապագայում։

«Ցավալին այն է, որ երկրները, որոնք ԵՄ անդամակցության հեռանկար էին փափագում Արևելյան գործընկերության շրջանակում, այդ երկրներից մեկն էլ Մոլդավան էր, ժամանակավորապես պետք է մոռանան իրենց այդ ծրագրերի մասին։ Կարծում եմ, սա հետընթաց կնշանակի այս երկրների համար, որովհետև նրանք կկորցնեն բարեփոխումներ իրականացնելու իրենց մոտիվը, ինչը ևս բացասական հանգամանք է։ Չի բացառվում, որ ծրագիրն այս փուլում պարզապես սահմանափակվի այն համաձայնագրերով, որոնք արդեն իսկ կնքվել են, և որը նախատեսվում է կնքել Հայաստանի հետ։ Իմ համոզմամբ՝ կարող է առաջընթաց գրանցվել վիզայի ազատականացման պայմանագրերի հարցում, բայց ոչ ավելին»,- նման տեսակետ հայտնեց փորձագետը։ Վերջինս այն համոզման է, որ Հայաստանը հեշտությամբ կստորագրի բանակցվող շրջանակային համաձայնագիրը Եվրոպական միության հետ։

Ըստ Կիրիլեի՝ դա այնքան հավակնոտ համաձայնագիր չի լինի, որպեսզի չստորագրվի։ «Ես գործընթացի մանրամասներին չեմ տիրապետում, ենթադրում եմ, որ վերսկսված գործընթացը տեղի է ունենում երկու կողմից համապատասխան եզրակացություններից հետո, իսկ այդ եզրակացություններից մեկն այն պետք է լինի, որ Ռուսաստանը շարունակում է հետխորհրդային երկրներին ամեն կերպ պահել իր ազդեցության գոտում, որի համար խոչընդոտներ է առաջացնում կամ հակամարտությունների,  կամ այլ լծակների, կամ ճնշումների միջոցով։ Արևմուտքը փորձում է դրանց արձագանքել պատժամիջոցների օգնությամբ, բայց դրանք փոքր-ինչ ուշացան: Հենց այս պատճառով, թեև ցավալի է, այնուամենայնիվ՝ ճիշտ, որ ԵՄ-ում գնահատման փուլ է սկսվել, ինչն ապագայում կառողջացնի ԵՄ-ն ու հարևան տարածաշրջանները»,- նման կարծիք հայտնեց մոլդավացի վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս