
Դատավորի վերաբերյալ գործը դատարանում է

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի վերաբերյալ քրեական գործն արդեն դատարանում է։ Այն ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան։
Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք:
Էլզա Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն և կայացած համաձայնության իրականացմանը նպաստելով` կատարել է կաշառքի միջնորդություն: Իշխան Բարսեղյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Էլզա Զաքարյանի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին։ Քրեական գործը նոյեմբերի 21-ին մակագրվել է դատավոր Կարեն Մարդանյանին։