«Ամուսնացա ռուս աղջկա հետ, որ ռուսերեն սովորեմ, չկարողացա». Արա Աբրահամյան
«Բոլորս սպասելիքներ ունենք, հույս ունենք, որ ինչ-որ բան կփոխվի, այսօրվա վարչապետի արած քայլերը հույս են առաջացնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
Նա կարծում է, որ հասարակությունը և Սփյուռքը նույնպես պետք է մասնակցեն բարեփոխումների գործընթացին. «Մենք պետք է աշխատենք բոլորի հետ, եթե մենք միասնական մոտեցում չցուցաբերենք, մենք իրար հետ միասին չլինենք, վարչապետի աշխատանքը չի լինի այն, ինչ ինքն է ուզում։ Մենք համագործակցում ենք նրա հետ, միայն դրականը կարող եմ ասել նրա մասին, նա Ռուսաստանում մեծ հեղինակություն վայելեց՝ լինելով մեծ գործարար, պաշտոնյա։ Մենք պետք է համագործակցենք իրար հետ՝ ինչպես մեկ մարդու օրգանիզմը. սիրտը, թոքը, ամեն ինչն առանձին են, բայց ծառայում են մեկ մարդու համար, բոլորս պետք է ծառայենք երկրի զարգացման համար։ Ես հավատում եմ, որ Հայաստանը կարող է լինել տարածաշրջանի ամենազարգացած երկիրը»։
Հարցին, թե՝ ինչպե՞ս եք վերաբերվում ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների հարցերով դեսպան Էլեոնորա Միտրոֆանովայի հայտարարությանն այն մասին, որ ԽՍՀՄ նախկին երկրներում ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ շնորհելու հարցը կներառվի Ռուսաստանի արտաքին քաղաքականության հարցերի օրակարգում, Ա. Աբրահամյանն այսպես պատասխանեց. «Օրինակ, ես կերազեի ռուսերեն լավ իմանայի, բայց, ցավոք սրտի, չկարողացա: Մարդիկ ուսուցիչ են վարձում, որպեսզի ռուսերեն սովորեն, ես ամուսնացա ռուս աղջկա հետ, որ սովորեմ, չկարողացա։ Ի՞նչ անեմ։ ինչքան լեզուներ իմանանք՝ լավ է»։