Վանաձորում քաղաքապետարանը միլիոնավոր գումարներ է աչքաթող արել. Վերահսկիչ պալատի բացահայտումները

ՀՀ վերահսկիչ պալատն այս տարի ստուգել է Լոռու մարզի Վանաձոր համայնքի կողմից բյուջետային միջոցների օգտագործումը, բյուջեի մուտքերի ապահովումը, ինչպես նաև համայնքային սեփականության կառավարումն ու օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը՝ 2015 թ. հունվարի 1-ից մինչև այս տարվա սեպտեմբեր:

Ըստ ՎՊ զեկույցի՝ համայնքի 2015թ. բյուջեով եկամուտներ է նախատեսվել 2 մլրդ 187 մլն 687 հազար դրամ, փաստացի կազմել է 2 մլրդ 200 մլն 75.1 հազար դրամ, ծախսերը նախատեսվել է 2 մլրդ 207 մլն 645 հազար դրամ, փաստացի ծախսը կազմել է 2 մլրդ 163 մլն 410.7 հազար դրամ:

Ուշագրավ է, որ Վանաձորում 2015թ. բյուջեի հարկային եկամուտների բարձր կատարողական է ապահովվել, սակայն ՎՊ-ն դա պայմանավորում է քաղաքապետարանի կողմից տարեկան բյուջեների ոչ լիարժեք պլանավորմամբ և իրական ապառքների գումարները նախատեսված պլաններում չներառմամբ, քաղաքապետարանը չի առաջնորդվել «Բյուջետային համակարգի մասին» օրենքի պահանջներով:

Մի շարք կազմակերպությունների ապառքների պարտքը գերազանցում է 500 հազար դրամը, այդ թվում՝ «Վանաձորի հաց» ՊՓԲԸ, «Ոչ ալկոհոլային խմիչքների գործարան» ԲԲԸ,  «Մալանչ» ԲԲԸ, «Վիգոր» ՍՊԸ, «Վանաձոր քիմպրոմ», «Պոլիմեր գործարան», «Վան» ՇՓԲԸ, «Վիմպերգ» ՍՊԸ, Վանաձորի «Շափյուղա» ՓԲԸ, և այլն։ Համայնքի գույքահարկի բազայում առկա են թվով 30 առավել խոշոր գույքահարկի պարտք ունեցող ֆիզիկական անձինք, որոնց համայնքի բյուջեի ապառքը տույժերի հետ միասին կազմել է 29.8 մլն դրամ, իսկ հողի հարկի բազայում առկա են թվով 2 առավել խոշոր հողի հարկի պարտք ունեցող ֆիզիկական անձինք, որոնց համայնքի բյուջեի ապառքը տույժերի հետ միասին կազմել է 2.9 մլն դրամ: Արդյունքում՝ առավել խոշոր ապառք ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց համայնքի բյուջեի գույքահարկի պարտքը 01.04.2016թ. դրությամբ կազմել է 106 մլն 287.2 հազար դրամ, իսկ հողի հարկը՝ 32 մլն 265.6 հազար դրամ:

Համայնքի տարածքում գործող 10 հասարակական նշանակության օբյեկտների զբաղեցրած բնակելի նշանակության շենք-շինությունների գործառնական նշանակությունը չի փոխված, որի արդյունքում՝ համայնքի բյուջեն զրկված է լրացուցիչ եկամտից՝ գույքահարկից: Նաև՝ 14 սեփականատերերի պատկանող նորակառույց շենք-շինություններ, ստանալով քաղաքապետարանից շին. թույլտվություն, սահմանված ժամկետում չավարտելով շինության կառուցումը, չեն կատարել գույքի պետական գրանցում և չեն դարձել համայնքի համար եկամտի աղբյուր:

Վանաձորում հաշվառված ոգելից  խմիչք վաճառող  թվով  247 օբյեկտներից ստուգման պահին 93-ը չունեին վաճառքի թույլտվություն և համայնքի բյուջե վճարվելիք գումարը նախորդ տարվա չվճարած տուրքերի հետ միասին կազմել է 1.4 մլն դրամ:  Ստուգման ընթացքում համայնքի բյուջե վճարվեց 1 մլն 275 հազար դրամ:

Հաշվառված ծխախոտ վաճառող  թվով  249 օբյեկտներից ստուգման պահին 109-ը չունեին վաճառքի թույլտվություն և համայնքի բյուջե վճարվելիք գումարը նախորդ տարվա չվճարած տուրքերի հետ միասին կազմել է 1 մլն 695 հազար դրամ: Ստուգման ընթացքում համայնքի բյուջե վճարվեց 1 մլն 575  հազար դրամ:

Քաղաքապետարանը թերացել էր նաև հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ զբաղվող կազմակերպությունների թույլտվությունների հարցում՝ գործող 90-ից 14-ը թույլտվություն չեն ունեցել: Իսկ 9 սեղմված բնական և հեղուկացված գազերի վաճառքով զբաղվող օբյեկտներից ընդամենը 2-ն են ունեցել վաճառքի թույլտվություն:

Այսպիսով` համայնքում հաշվառումից դուրս մնացած և առանց թույլտվության աշխատող տեղական տուրք վճարողների և արտաքին գովազդի 1376.8 քմ վահանակների գովազդատուների կողմից համայնքի բյուջե չվճարված տեղական տուրքի գումարը կազմել է 16 մլն 135.2 հազար դրամ։ Ստուգման ընթացքում համայնքի բյուջե որպես տեղական տուրք վճարվեց  3 մլն 348 հազար դրամ:

30.03.16 թվականի դրությամբ հողի վարձավճարների գծով ապառքը կազմել է 39.4 մլն դրամ, և տույժը՝ գրեթե 8.5 մլն դրամ: Գույքի վարձավճարների գծով ապառքը կազմել է 5.8 մլն դրամ, և տույժը՝ մոտ 1.2 մլն դրամ։

Հետաքրքիր է նաև Վանաձորում աղբահանության վերաբերյալ ՎՊ-ի արձանագրածը։ Այսպես՝ քաղաքում հաշվառվել է շուրջ 105 հազար բնակիչ, փաստացի կազմել է 80 հազար բնակիչ: Սակայն բաժնի կողմից կատարվել է վերլուծություն և որոշվել է, որ համայնքում մշտական կարող են ներկա գտնվել և աղբահանության ծառայություններից օգտվել 67 հազար բնակիչ, որոնց աղբահանության վարձավճարի գումարը կազմել է 120.6 մլն դրամ: 1170 հասարակական սպասարկման գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների աղբահանության վարձավճարը հաշվարկվել է 25.8 մլն դրամ: Սակայն 2015թ.-ի ընթացքում աղբահանության վճարների գծով գոյացել են նոր ապառքներ՝ 39.2 մլն դրամ։

2015-2016թթ. համայնքի սանիտարական մաքրման և աղբահանության ծառայությունների ձեռքբերման համար գնումն իրականացվել է բաց ընթացակարգով, սակայն յուրաքանչյուր գոտու համար հայտ է ներկայացրել միայն մեկ կազմակերպություն, որն էլ հաղթող է ճանաչվել:

ՎՊ-ի կողմից ուսումնասիրվել է նաև Վանաձորի մանկապարտեզների կողմից գնման ընթացակարգերով ձեռք բերված սննդամթերքների գները: Պարզվել է, որ միևնույն ժամանակաշրջանում նույն սննդամթերքը և գյուղմթերքը միևնույն մատակարարի կողմից տարբեր ՆՈՒՀ-երին մատակարարվել է էականորեն տարբեր գներով: Օրինակ՝ «Արամ Սերվիս» ՍՊԸ-ն տավարի միսը մատակարարել է կիլոգրամը 3000-3200 դրամով, հավի կրծքամիսը՝ 2100-2600 դրամով, կարագը՝ 2800-3500 դրամով, շաքարավազը՝ 380-540 դրամով, կաթի լիտրը՝ 330-470 դրամով, ձուն՝ 75-90 դրամով, և այլն։

Ընդ որում, Վանաձոր քաղաքային համայնքի ավագանու որոշումով ՆՈՒՀ-երում ծնողական վարձավճարը տատանվում է 3000-6000 դրամ՝ այն դեպքում, երբ իրար հարևանությամբ գործող երկու ՆՈՒՀ-երում ամսական վարձավճարի տարբերությունը մեկ երեխայի մասով կազմում է 500-3000 դրամ:

Տեսանյութեր

Լրահոս