Ուժգին երկրաշարժ Ճապոնիայի արևելյան ափի մոտ
7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի արեւելյան ափի մոտ: Երկրաշարժը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին տեղական ժամանակով առավոտյան մոտավորապես 6-ին (Երեւանի ժամանակով 01:00-ին): ԱՄՆ-ի Ազգային երկրաբանական ծառայության տեղեկություններով՝ Էպիկենտրոնը գտնվել է Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայի Իվակի քաղաքից 67 կիլոմետր դեպի հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժը տեղի է ունեցել 10-ից մինչեւ 11 կիլոմետր խորության վրա:
Տեղական ժամանակով 6:49-ին ցունամիի առաջին ալիքը՝ շուրջ 60 սանտիմետր բարձրությամբ հասել է ափ Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայի Օնոհամա նավահանգստի շրջանում: Ցունամիի երկրորդ ալիքի բարձրությունը կազմել է 90 սանտիմետր:
Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:
Ճապոնական 7 բալանոց սանդղակով երկրաշարժի ավերիչ ուժը կազմել է հինգ բալ Ֆուկուսիմայում. Տոկիոյում այն չի գերազանցել 3 բալը:
Ցունամիի սպառնալիքի պատճառով «Ֆուկուսիմա-2» ատոմակայանում կանգնեցվել է բանեցված միջուկային վառելիքի հովացման համակարգը:
Որոշ ժամանակ անց 5,5 մագնիտուդով եւս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի Ֆուկուսիամայի պրեֆեկտուրայում, հաղորդել է BBC-ն:
Լուսանկարը`AP