650 կամավորական է հավաքագրվել. ՀՅԴ-ն ակտիվ պահեստազոր է հիմնում. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Պահեստային գումարտակ ձեւավորելու եւ լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման դեպքում այն կիրառելու ՀՅԴ գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախմբի կոչին արդեն շուրջ 650 քաղաքացի է արձագանքել:

Կամավորագրված քաղաքացիները Հայաստանի տարբեր մարզերից են: Ներկայումս այդ քաղաքացիների հետ անհատական աշխատանքներ են տարվում՝ նրանց ունակությունները գնահատելու եւ ճիշտ բաշխում կատարելու համար: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հարցերով հանձնախմբի ղեկավար Արտաշես Մխիթարյանը:

«Այսօրվա դրությամբ հավաքագրվել է 650 հոգի, հիմա հիմնականում աշխատանքները տարվում են հավաքը շարունակելու համար: Թեեւ գումարտակը կազմված է լինելու 400-500 հոգուց, բայց շատ պետք է հավաքվեն, որ ընտրության հնարավորություն լինի: Ցանկությունը, կամավորագրումը քիչ է, նաեւ պետք է պատրաստված լինեն, առողջական վիճակը պետք է թույլ տա: Հիմա անհատական աշխատանքներ են տարվում բոլոր անդամագրվածների հետ՝ զուտ իրենց ռազմական ունակությունները, հմտությունները ճշտելու համար, որ կարողանանք իմանալ՝ ում, ինչ կարգավիճակով կարող ենք օգտագործել (ով է գնդացրորդը, ով է հրաձիգը, ով է հրետանավորը, տանկիստը, հետախույզը, կապավորը): Ընտրությունից հետո որոշելու ենք՝ ովքեր են առաջին պահի համար պիտանի, ովքեր են հետագայում որպես պահեստային պետք գալու: Դրանից հետո անցկացվելու են վարժական հավաքներ, ունակությունները կատարելագործելու, նախապատրաստելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց Մխիթարյանը:

Սրան, ըստ հանձնախմբի ղեկավարի՝ հաջորդելու է ստորաբաժանումների ներդաշնակումը, գնդի, դասակի, գումարտակի կազմումը, զորավարժությունների անցկացումը: Վերը նշված կազմակերպչական աշխատանքները, Մխիթարյանի կարծիքով կավարտվեն դեկտեմբերին:

«Դրանից հետո կմեկնենք պաշտպանական շրջան, որը ՊՆ-ն մեզ կհատկացնի: Այնտեղ տեղանքին կծանոթանանք, որ պատրաստ լինենք անհրաժեշտության դեպքում մարտական խնդրի կատարմանը: Սրանով ուզում ենք ներդնել ակտիվ պահեստազորի գաղափարը, որն ազգ-բանակ հայեցակարգի մի մասն է: Ամեն քաղաքացի պետք է իմանա իր խրամատի տեղը, կրակի գոտին, թշնամու հարձակման հավանական ուղղությունը եւ պատրաստ լինի կրակել այդ ուղղությամբ»,- ասաց Մխիթարյանը:

Հարցին, թե արդյո՞ք այս պահին տեսնում են այդ պահեստազորի անհրաժեշտությունը, ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հանձնախմբի ներկայացուցիչը պատասխանեց. «Ես գտնում եմ, որ այդ անհրաժեշտությունը միշտ էլ եղել է 1994 թվականի մայիսի 12-ից հետո: Այդ անհրաժեշտությունը միշտ կա, քանի դեռ մեր հարեւաններն Ադրբեջանն ու Թուրքիան են, դրա անհրաժեշտությունը միշտ էլ լինելու է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս