Բաժիններ՝

Մահացել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Աշոտի Տեր-Գրիգորյանը

Երկարատև հիվանդությունից հետո մահացել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Աշոտի Տեր-Գրիգորյանը:

Արա Տեր-Գրիգորյանը ծնվել է 1953 թվականի մարտի 6-ին:

Սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում, որից հետո աշխատանքի է գործուղվել է Սևան՝ որպես շրջանային հիվանդանոցի բժիշկ, գաստրոէնտերոլոգիայի բաժնի վարիչ, ապա՝ փոխտօրեն:

Այնուհետև ավարտել է Մոսկվայի առաջին բժշկական ինստիտուտի ասպիրանտուրան, պաշտպանել թեկնածուական, հետո նաև՝ դոկտորական ատենախոսություն: Եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի առողջապահության կառավարման և տնտեսագիտության ամբիոնի սիրված պրոֆեսորներից, հեղինակ է գիտական մենագրությունների և բազմաթիվ հոդվածների:

Արա Տեր-Գրիգորյանն երկար տարիներ աշխատել է ՀՀ առողջապահության նախարարության տարբեր վարչություններում՝ որպես ՝ ՀՀ առողջապահության նախարարի օգնական, կադրերի վարչության, ապա՝ միջազգային կապերի և մարդասիրական օգնության վարչության պետ:

1998-2002 թվականներին զբաղեցրել է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության, 2002-2013-ին՝ ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնը:

2013 թվականից ՀՀ ԱԺ-ի Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովում խորհրդական էր:

2002 թվականին պարգևատրվել է ՀՀ Նախագահի մրցանակով՝ Առողջապահության համակարգում տեխնիկական գիտությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման համար:

Արա Տեր-Գրիգորյանն իր գործունեությամբ մեծապես նպաստել է Հայրենիք-Սփյուռք կապերի հաստատմանն ու զարգացմանը: Եղել է Հայաստանի Առաջին միջազգային առողջապահական կոնգրեսի նախագահ, գիտական տարբեր խորհուրդների և միջազգային առողջապահական մի շարք կազմակերպությունների անդամ:

Արա Աշոտի Տեր-Գրիգորյանը Հայաստանի Հանրապետության առողջապահական գործի կազմակերպման առաջատար մասնագետներից էր, ով Հայրենիքի անկախացման առաջին իսկ տարիներից անմնացորդ նվիրվել է նրա կառուցմանն ու զարգացմանը, աշխատել և գործել՝ ի բարօրություն իր ժողովրդի:

Հոգեհանգստի արարողությունը տեղ կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում նոյեմբերի 22-ին, ժամը՝ 18.00-ին, իսկ հուղարկավորությունը` նոյեմբերի 23-ին, ժամը 13:00-ին՝ քաղաքային պանթեոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս