«Իրանը պատրաստ է ամեն կերպ նպաստել ԼՂ հակամարտության կարգավորմանը». Բաքվում Իրանի դեսպան
Ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանում Իրանի դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին։
Իրանցի դեսպանի խոսքով՝ Իրանի կապի և տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին, որը Իրան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի նախարարն է, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, նպատակ ունենալով նպաստել պատերազմի ավարտին և հրադադարի հաստատմանը, 49 անգամ մեկնել է Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ։
«Այդ ժամանակ նա մեծ աշխատանք է կատարել, սակայն հետո ձեռք բերվեց հրադադարի ռեժիմը։ Ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչից հետո որոշում կայացվեց, որ հակամարտության կարգավորմամբ զբաղվելու է այդ խումբը։ Իրանը ներկայացված չէ Մինսկի խմբում, սակայն ամեն անգամ հայտարարում է, որ պատրաստ է օգնել՝ կապված ցանկացած եղանակով հակամարտությունը կարգավորելու հետ։ Այդ պատերազմը օգուտ չէ տարածաշրջանին»,- ասել է Ջավադ Ջահանգիրզադեն՝ ընդգծելով, որ հակամարտությունը բացասաբար է ազդում տարածաշրջանի անվտանգության վրա։
«Մենք կարծում ենք, որ օտարերկրյա պետությունները շատ հեռու են տարածաշրջանից, տեղյակ չեն տարածաշրջանի ներքին խնդիրներից։ Սակայն մենք ցանկանում ենք, որ Մինսկի խումբը մոտ ժամանակներս հասնի ինչ-որ հաջողության, ցանկանում ենք, որ նրանք ավարտեն այդ աշխատանքը։ Տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը շատ կարևոր են։ Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում բոլորը համագործակցեն միմյանց հետ»,- հայտարարել է իրանցի դիվանագետը։