
Արդարադատության նախարարության հորդորը՝ Հայկ Ալումյանին

Արդարադատության նախարարությունը 2016 թվականի 18-ին կատարել է բժշկական հավելյալ հետազոտություն Վահան Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ:
«Հաշվի առնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ մտահոգությունները, տեղեկացնում ենք, որ Արդարադատության նախարարությունը 2016 թվականի 18-ին կատարել է բժշկական հավելյալ հետազոտություն: Մասնավորապես, նոյեմբերի 18-ին հրավիրվել է բժշկական կոնսիլիում, որին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նյարդաբան Գուրգեն Հովհաննիսյանը, գլխավոր անոթաբան Տիգրան Սուլթանյանը, գլխավոր թերապևտ Միքայել Նարիմանյանը և գլխ ավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը:
Ըստ կոնսիլիումի արդյունքների՝ Վահան Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի: Միևնույն ժամանակ, բժիշկներն առաջարկել են կատարել մի շարք լրացուցիչ հետազոտություններ: Այդ նպատակով ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչությունն անհապաղ դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը՝ այդ հետազոտությունները պետպատվերի շրջանակում իրականացնելու համար: Պատասխանը ստանալուն պես այդ մասին ևս կտեղեկացնենք:
Հարկ ենք համարում նշել նաև, որ Արդարադատության նախարարությունն այս հարցի առնչությամբ մշտական կապի մեջ է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:
Հ.Գ. Փաստաբանին հորդորում ենք հավատարիմ մնալ իր մասնագիտությանը, զբաղվել միայն մասնագիտական գործունեությամբ և ոչ թե՝ բժշկությամբ»: