Բաժիններ՝

«Հետևում եմ հեռուստաալիքների մատուցած լրատվությանը և կարծում եմ, որ լավ են աշխատում». Էդվարդ Միլիտոնյան

Հեռուստատեսության միջազգային օրը նշվում է նոյեմբերի 21-ին: Այդ առիթով մերօրյա հայկական հեռուստատեսության վիճակի, հաղորդումների որակի մասին լրագրողների հետ զրուցեցին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: «Հեռուստատեսությունն անկախության ձեռքբերումն է: Հետևում եմ հեռուստաալիքների մատուցած լրատվությանը և կարծում եմ, որ լավ են աշխատում, բայց մանկապատանեկան, գրական հաղորդումների կարիք կա»,- նշեց ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նա ընդգծեց, որ անորակ հաղորդումների և ֆիլմերի արդյունքում խաթարվել է երիտասարդների լեզվամտածողությունը: «Բացասական հույզեր առաջացնող ֆիլմերի պատճառով երիտասարդներն ագրեսիվ են դառնում և բանակում կարող են խնդիրներ առաջացնել, կռիվների պատճառ դառնալ: Ցանկալի է, որ մշակութային հաղորդումներում ներկայացվեն ներկայիս մշակութային գործիչները, նրանց աշխատանքը. չէ՞ որ մարդիկ չեն ճանաչում ժամանակակիցներին, այնինչ տաղանդավոր գրողներ, ռեժիսորներ, դերասաններ և այլ ստեղծագործողներ կան»,-ասաց նախագահը:

«Կցանկանայի, որ հեռուստաընկերությունները տարբերվեին իրարից: Յուրաքանչյուր մարդ ուզում է ինչ-որ բանով առանձնանալ և ընդգծել իր ես-ը: Կարծում եմ` նույնը  հեռուստաալիքների դեպքում է:  Լավ կլինի, եթե ստեղծվեն մասնագիտական ալիքներ` սպորտ, գիտություն…»,- ասաց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Նրա խոսքով` հաճելի կլինի հեռուստաեթերում նոր, հետաքրքիր դեմքեր գտնել, բացահայտել:

Խոսելով սերիալների մասին` բանախոսները նշեցին, որ դեմ չեն այդ ժանրի գոյությանը, պարզապես պետք է բովանդակություն և որակ ապահովել դրանք խորը և ոչ մակերեսային դարձնելու համար:

Ռուբեն Բաբայանը շեշտեց, որ իրեն դուր են գալիս հայկական հեռուստաեթերում ներկայացվող բանավեճերը, որոնք քարոզչական չեն և պրոֆեսիոնալ ձևով են արվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս