ԱԺ պատգամավորի որդու մասնակցությամբ միջադեպի գործն ուղարկվել է դատարան
ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու մասնակցությամբ միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։
Գուրգեն Արսենյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ընկերներ Արմեն Ներսիսյանի, Գուրգեն Գրիգորյանի և գործով ինքնությունը չպարզված այլ անձանց հետ միասին 2016թ. ապրիլի 17-ին Երևանի գիշերային ակումբներից մեկի դիմաց, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խմբի կազմում, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն:
Ամբաստանյալներից Արմեն Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել մեկ այլ դրվագով ևս՝ կրկին խուլիգանության հոդվածով։ Գուրգեն Արսենյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին. մյուս երկուսը կալանավորված են։
Նոյեմբերի 16-ին քրեական գործը մակագրվել է դատավոր Գագիկ Պողոսյանին։ Նշենք, որ այս քրեական գործով նախաքննությունն իրականացրել է ՀՀ քննչական կոմիտեն, որն ավելի վաղ հայտնել էր, որ 2016թ. ապրիլի 17-ին ահազանգ էր ստացվել, որ ժամը 04.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան փողոցում գործող գիշերային ակումբներից մեկի մոտ մի խումբ անձինք կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, վիճաբանել միմյանց հետ, որի ընթացքում որպես զենք օգտագործվող առարկաներով՝ գետնից վերցրած քարերով և փայտերով, բռնություն են գործադրել միմյանց նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Ապրիլի 28-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է դատախազի ցուցումը՝ խուլիգանությանը մասնակցելու կասկածանքով քաղաքացի Գ.Գրիգորյանին անհապաղ ձերբակալելու մասին, ինչպես նաև՝ դատախազի որոշումները՝ Գ.Արսենյանին, Ա.Ներսիսյանին ձերբակալելու վերաբերյալ, որոնց կատարումը հանձնարարվել է Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։
2016թ. մայիսի 11-ին` ժամը 16:10-ին, Գ.Արսենյանը ձերբակալվել է Ոստիկանության աշխատակիցների կողմից «Բագրատաշեն» սահմանային անցակետում և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։