Բաժիններ՝

Արայիկ Հարությունյանը ընդունել է ՀՀ շուրջ 30 մտավորականների

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության շուրջ երեք տասնյակ մտավորականների, ովքեր, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի ծրագրերի շրջանակներում, այցելել են Արցախ:

Վարչապետը ողջունել է Արցախում զորամաս այցելելու հյուրերի նախաձեռնությունը՝ շեշտադրելով դրա կարևորությունը բանակի ու քաղաքացիական հասարակության միջև կապերի ամրապնդման և փոխադարձ աջակցության ապահովման գործում:
«Ինձ համար պատիվ է հայոց գիտությունն ու մշակույթը ներկայացնող այսպիսի կազմի հետ հանդիպում ունենալ, առավել ևս, երբ Արցախ ձեր այցի նպատակը հայ զինվորի կողքին կանգնելն ու նրան գոտեպնդելն է:

Համոզված եմ, որ ձեր հանդիպումը զինվորներին լրացուցիչ լիցք է տալու, իսկ դուք ավելի լավ եք պատկերացնելու նրանց հոգեբանությունը, բանակում իրականացված բարեփոխումներն ու առկա խնդիրները:

Արցախի կառավարության անունից՝ պատրաստակամություն եմ հայտնում մշտապես աջակցել նման նախաձեռնություններին և միասնական ջանքերով ամրապնդել հայոց հայրենիքի պաշտպանության կուռ համակարգը, որը խիստ խոցելի կլիներ առանց մտավորականների և, ընդհանրապես, քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության»,- հյուրերին ուղղված խոսքում նշել է վարչապետը:

Անմիջական մթնոլորտում տեղի ունեցած հանդիպման ժամանակ մտավորականները Ա. Հարությունյանին են ուղղել բազմաթիվ հարցեր՝ Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակի, արտաքին քաղաքականության, առաջնագծի պաշտպանության և մի շարք այլ ոլորտների վերաբերյալ: Վարչապետ Հարությունյանը հանգամանալից և բաց կերպով պատասխանել է հարցերին՝ հորդորելով ներկաներին հնարավորինս ներգրավվել Արցախի զարգացման կարևոր գործում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս