Հարկային օրենսգրքի փոփոխության համար ՊԵԿ-ը պետք է համոզվի
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Արցախում լրագրողներին հայտարարել էր, որ Հարկային օրենսգրքի նկատմամբ իր վերաբերմունքը երկակի է, քանի որ մի կողմից՝ այն իրավունք ունի ապրելու և տրամաբանություն ունի դրա տակ, սակայն կա բիզնես-միջավայրի բացասական արձագանքը, որ սպիտակ դաշտում աշխատողներն են պատժվում և նրանց բեռն է ավելացվում, իսկ ստվերի հետ աշխատանք չի տարվում:
«Եթե մեզ հնարավորություն լինի տնտեսության մեջ արդար, հավասար պայմաններ ստեղծել, ինչպես գազի գնի հետ ենք արել, և հասկանալ, որ հարկային բեռն իջեցնելով՝ բիզնեսում աշխուժություն կստեղծվի, բիզնեսը կվերարտադրվի, և հոսքը կշատացնի դեպի բյուջե, միանշանակ կանենք: Բացառո՞ւմ եմ դա, չե՛մ բացառում։ Ինչքա՞ն արագ կլինի դրա հնարավորությունը՝ կերևա մեր էֆեկտիվ աշխատանքից, ինչպես նաև նրանից, թե բիզնեսի մարդն ինչպես կարձագանքի մեր քայլերին»,- ասել էր Կարեն Կարապետյանը:
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) փոխնախագահ Վախթանգ Միրումյանը ևս 168.am-ի հետ զրույցում չբացառեց անհրաժեշտության դեպքում Հարկային օրենսգրքի փոփոխությունը:
Թե ինչո՞վ է պայմանավորված լինելու այդ անհրաժեշտությունը, ի՞նչը հիմք կդառնա՝ Վ. Միրումյանը նշեց.
«Այն բոլոր մտահոգությունները, որ տարբեր շահագրգիռ կողմեր հնչեցնում են, եթե մենք պրակտիկ կյանքում համոզվենք, որ իրականում դրանք այդպես են, բնականաբար՝ փոփոխություններ կլինեն»: