ՌԴ-ում հայ աշխատանքային միգրանտների թիվն ավելացել է 2.5 անգամ

Եվրասիական տնտեսական միության տարածքում անդամ երկրների աշխատանքային միգրանտների համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստի ընթացքում այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սադատ Ասենսեիտովան:

«Ինչ վերաբերում է միությունում աշխատանքի միասնական շուկային, ստեղծված են հավասար պայմաններ անդամ երկրների քաղաքացիների համար: Խոսքը սոցիալական հավասար երաշխիքների մասին է: Կրթության վերաբերյալ նրանց փաստաթղթերը ճանաչվում են առանց համապատասխան ընթացակարգերի: Այսինքն, մեր աշխատանքային միգրանտները պաշտպանված են»,-  ասաց նա:

Սադատ Ասենսեիտովան ընդգծեց, որ 2016թ. առաջին 6 ամիսների ընթացքում Ռուսաստանում նվազել է աշխատանքային միգրանտների թիվն Ադրբեջանից, Վրաստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից: «Միևնույն ժամանակ, մենք արձանագրում ենք, որ Հայաստանից և Ղրղզստանից աշխատանքային միգրանտների թիվը 2.5 ավելացել է: Սա խոսում է այն մասին, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրի նորմերը պաշտպանում են աշխատանքային միգրանտների իրավունքները»,- եզրափակեց Ասենսեիտովան:

Տեսանյութեր

Լրահոս