«Սկզբունքայնության տեսանկյունից քաղաքական դաշտն աղետալի վիճակում է». Արամ Կարապետյան
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ է ազգ-բանակ կոնցեպտը սկսվում 1000 դրամ հավաքելուց:
«Որևէ բացատրություն չկա: Ես ինչքան փորձել եմ պատասխաններ գտնել, դրանք չկան: Պատասխանների բացակայությունն էլ բերում է դիցաբանության՝ «Աստված կպատժի», «ով էս փողն ուտի, շան տղա է» և այլն: Քաղաքական արգումենտված պատասխաններ մենք չենք ստանում»,- նշեց Արամ Կարապետյանը:
Ըստ նրա՝ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակվելուց հետո երկրում ոչինչ չի փոխվել. «Հասարակությունը, որ մի պահ հավատաց, թե ինչ-որ բան կփոխվի, հիմա սկսում է հասկանալ, որ մեծ հաշվով ոչինչ էլ չի փոխվում»:
«Կարեն Կարապետյանի գալուց հետո մենք տեսնում ենք նոր հարկատեսակ՝ 1000 դրամ. փաստը սա է: Ինչքան ես գիտեմ՝ ապագայում սպասվում է գույքահարկի բարձրացում, ու մենք ունենում ենք գազի գնի որոշակի իջեցում, որի հետ մեկտեղ որևէ հարկ է ավելանում: Հիմա ասում եմ՝ ավելի լավ է էլեկտրականության գինը չիջեցնեն, որովհետև դրա փոխարեն ուրիշ բան կուզեն»,- ասաց նա:
Ըստ Ա. Կարապետյանի՝ քաղաքական դաշտն աղետալի վիճակում է՝ սկզբունքայնության տեսանկյունից. «Մարդիկ ամեն հարցում քարը քարի վրա չեն թողնում, վերջում կողմ են քվեարկում: Բայց չէ՞ որ քաղաքականությունը նաև սկզբունքների խնդիր է, ընդդիմությունն ու իշխանությունը իրենց սկզբունքներով են տարբերվում»: