ԵԱՀԿ Մինսկի խումբը պատերազմի զսպման նկատմամբ Ռուսաստանի, ԱՄՆ­ի և Ֆրանսիայի դիրքորոշումների փոխհամաձայնության հարթակ է

Գեներալ ­լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԱՄՆ­ի ՊԱՀ­ի առաջատար հրավիրված պրոֆեսոր, ՌԴ Ռազմական գիտությունների ակադեմիայի ընտրված իսկական անդամ, ՀԱՊԿ­ի Գիտափորձաքննական խորհրդի անդամ, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ Հայկ Քոթանջյանը ելույթ է ունեցել ՀՀ Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետական Դումայի Միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստում։
«Արմենպրես»­ը ներկայացնում է ելույթն ամբողջությամբ:

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ` ՈՐՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՍՊՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ, ԱՄՆ­Ի ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՉԸՆԴՀԱՏՎՈՂ ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ. ՂԱՐԱԲԱՂԻ ՕՐԻՆԱԿՈՎ

Արձագանքելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի հանձնաժողովների այսօրվա համատեղ նիստի հիմնական թեմաներից մեկին` պատիվ ունեմ նշելու, որ դեռ «վերագործարկման» վաղ շրջանում` 2010 թ., ինձ բախտ վիճակվեց Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցում հանդես գալու որպես «ԱՄՆ–Ռուսաստան ռազմավարական երկխոսության» գիտական խորհրդարկու, ընդսմին դրա մասնակիցներ էին ռուսաստանյան և ամերիկյան առաջատար գեներալներ և ռազմավարական մակարդակի վերլուծաբաններ:

Դա հնարավորություն է տալիս մասնագիտորեն հետևելու ռուս­ամերիկյան հարաբերությունների դինամիկային:

Գտնվելով Ռուսաստանի և ԱՄՆ­ի միջև սառը «կիսախաղաղություն­կիսապատերազմի» շեմի մոտ` իմ գործընկերները, որոնք ներգրավված են Ռուսաստանի և ԱՄՆ­ի միջև կառուցողական երկխոսությունը շարունակելու համար հարթակների որոնմամբ, նշում են նրանց դիրքորոշումների պարբերական անհամապատասխանությունը Մինսկի ձևաչափով ՈՒկրաինայի վերաբերյալ, ինչպես նաև Սիրիայի վերաբերյալ բանակցություններում:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ­ի և ՌԴ դիրքորոշումներում բազմամյա և չընդհատվող միջազգային անվտանգային համաձայնության քաղաքական­դիվանագիտական հարթակների շարքում առանձնանում է Ղարաբաղյան խաղաղ կարգավորման գծով ԵԱՀԿ
Մինսկի խմբի Համանախագահության հարթակը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահների` ՄԱԿ­ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ­ի և Ֆրանսիայի այս անընդհատ համաձայնությունը հաստատել է իր բացառիկ արժեքը նաև 2016 թ. մայիսին Վիեննայում կայացած բանակցություններում:

Այս տարվա ապրիլին Ղարաբաղում Չորսօրյա պատերազմի արդյունքներով կայացած Վիեննայի խորհրդարկումների ժամանակ Ռուսաստանի, ԱՄՆ­ի և Ֆրանսիայի դիրքորոշումների համահունչությունը Հայաստանին և Ադրբեջանին հակեց համաձայնության այն բանում, որ անհրաժեշտ է զինված հակամարտության գոտում պատերազմի նախապատրաստման նկատմամբ սահմանել վերահսկողություն` ռազմական գործողությունների վերսկսումից կողմերին հետ պահելու համար:

Պատերազմների վարման ու կանխման միջոցների տեղեկութային հագեցվածության դարաշրջանում, մի կողմից, տեխնոլոգիական նորամուծությունների կիրառման և, մյուս կողմից, մարտական գործողությունների նախապատրաստման վրա քաղաքական­դիվանագիտական ներգործության մեթոդների խելացի համակցումը հնարավորություն է տալիս մշակելու մի այնպիսի հայեցակարգ, ըստ որի` ագրեսիայի զսպումը կատարվում է պատերազմին նախապատրաստումն ազդարարող ռազմական ուժի կուտակման ու տեղաշարժերի նկատմամբ արդյունավետ տեղեկատվական վերահսկողության միջոցով:

Նման ռազմավարության շնորհիվ հնարավորություն է ստեղծվում, որպեսզի խաղաղապահության ոլորտում գործող միջնորդ կողմերը միմյանց և հակամարտության մասնակիցներին տրամադրեն հակառակորդների` խաղաղությանն սպառնացող նախապատրաստումների վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ, որպեսզի նրանց հակեն հրաժարվելու պատերազմին նախապատրաստումից:

Տվյալ համատեքստում հույժ կարևոր է ելնել այն բանի ըմբռնումից, որ Հայաստան­ԼՂՀ­ի և Ադրբեջանի միջև սպառազինությունների մակարդակի անհաշվեկշռության անընդհատ աճման պայմաններում չի կարելի ապավինել ավանդական ռազմական զսպման արդյունավետությանը:

Այս հարցում անհրաժեշտ է գիտականորեն իմաստավորել միջազգային հանրության հետ համագործակցության նկատմամբ այն նորամուծական մոտեցումները, ըստ որոնց` մարտական գործողությունների ծավալմանը կողմերի նախապատրաստման մասին ազդարարող ռազմական ուժի վտանգավոր տարաշարժների խորազննման համար կկիրառվեն միջազգային հանրության բարձր տեխնոլոգիական միջոցները:

Խոսքը վերաբերում է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեր մշակած մեթոդաբանությանը, ըստ որի` Ղարաբաղյան հակամարտության գոտում ուժերի փոփոխման վտանգավոր դինամիկայի խորազննման գործում պետք է ներգրավվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահներ, Անվտանգության խորհրդի մշտական անդամներ ՌԴ­ն, ԱՄՆ­ը և ՖՀ­ն՝ վերազգային տիեզերական տարածությունից վերահսկման իրենց ուղեծրային հեռադիտական միջոցների գործադրմամբ:

Միջազգային տիեզերական իրավունքը միջազգային հանրությանը հնարավորություն է տալիս մերձերկրային տիեզերական տարածությունից վերահսկելու հակամարտության գոտում պատերազմական գործողությունների վերսկսմանը զորքերի պատրաստման դինամիկան:

Վերահսկողության այս եղանակը, այն է` ազգային օդային տարածքից հեռազննման տեղափոխումը վերազգային տարածություն, կարող է օգտագործվել որպես պատերազմի կանխման վերաբերյալ խորհրդարկումների ու բանակցությունների կիրառմամբ քաղաքական­ դիվանագիտական զսպման միջոց:

Երկիրը տիեզերքից խորազննելու վերաբերյալ սկզբունքների հռչակագիրը նախատեսում է, որ «Միջազգային համագործակցության խրախուսման և ակտիվացման համար, հատկապես` զարգացող երկրների կարիքների հաշվառմամբ, տիեզերքից Երկրի հեռահար խորազննում կատարող պետությունը, ըստ խնդրանքի, խորհրդարկումներ է անցկացնում այն պետության հետ, որի տարածքը խորազննվում է», իսկ Տիեզերական տարածության, ներառյալ` Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ուղղությամբ պետությունների գործունեության սկզբունքների մասին պայմանագիրը նախատեսում է, որ «Տիեզերական տարածությունը, ներառյալ` Լուսինը և այլ երկնային
մարմիններ, ենթակա չէ ազգային յուրացման ո՜չ դրանց նկատմամբ ինքնիշխանության հռչակման եղանակով, ո՜չ օգտագործման կամ զավթման ճանապարհով, ոչ էլ որևէ այլ միջոցով»:

Միջնորդ խաղաղարար տերությունների ուղեծրային խորազննական միջոցների կիրառմամբ պատերազմի վերսկսումը զսպելու այս նորա­ մուծական հայեցակարգի կիրառումը կարող է արդյունավետ եղանակ լինել շարունակվող Ղարաբաղյան հակամարտության դեպքում, մի
հակամարտության, որն ավելի քան քառորդ դար մարմրում է մրրկահույզ Միջին Արևելքի անմիջական հարևանությամբ:

Այն նաև ռազմա­ վարական կարևորություն ունի տարածաշրջանային անվտանգության համար, ինչը պայմանավորված է Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Իրանին և Թուրքիային հայաբնակ Ղարաբաղի մերձությամբ:

ՈՒստի Ղարաբաղում ռազմական գործողությունների յուրաքանչյուր վերսկսում կարող է ցեղասպանության մի նոր ողբերգական էջ բացել Արևելքն ու Արևմուտքը կամրջող այս տարածաշրջանում, որտեղ Իսլամական պետության դահիճները քրիստոնյաների, հրեաների, եզդիների և ահաբեկչական ջիհադի մեջ չներգրավված մահմեդականների
նկատմամբ այսօր իրագործում են ցեղասպանություն:

Հայ ժողովրդի համար «Այլևս երբե՜ք» սկզբունքի հրատապությունը ևս մեկ անգամ երևան եկավ ԽՍՀՄ­ում Վերակառուցման շրջանում իր հայ բնակիչների դեմ Ադրբեջանի ձեռնարկած ջարդերի ժամանակ: Դրանք կազմակերպվել էին ի պատասխան ինքնորոշման և Ադրբեջանական ԽՍՀ­ ից համաձայն այն ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրության դուրս գալու ուղղությամբ Լեռնային Ղարաբաղի հայության նախաձեռնած խաղաղ
քաղաքական գործողություններին:

1991 թ. նոյեմբերի 23­ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ) լուծարելու մասին օրենք:

Ի պատասխան այդ ապօրինի ձեռնարկման` 1991 թ. դեկտեմբերի 10­ին Լեռնային Ղարաբաղում միջազգային չափանիշներին ու 1991 թ. ապրիլի 3­-ի ԽՍՀՄ օրենքին խիստ համապատասխանությամբ և միջազգային դիտորդների մասնակցությամբ անցկացվեց անկախության հարցով հանրաքվե: ԼՂՀ ադրբեջանական փոքրամասնությանը հնարավորություն տրվեց մասնակցելու հանրաքվեին, սակայն Բաքվի ցուցումով նա
հրաժարվեց այդ հնարավորությունից:

Հետագա իրադարձությունները վերացրին հանրաքվեի արդյունքները ԽՍՀՄ կենտրոնակա մարմինների հետ համաձայնեցնելու անվերապահ պահանջը, քանի որ 1991 թ. դեկտեմբերի 2-­ին ստորագրվեց Խորհրդային Միության լուծարման մասին Ալմա Աթայի հռչակագիրը:

Այսպիսով` Լեռնային Ղարաբաղի տարածքում անցկացված հանրաքվեն օրինական է, իսկ դրա արդյունքներով ստեղծված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` լեգիտիմ:

Ադրբեջանի Հանրապետությունը 1992 թ. Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմ սանձազերծեց, իսկ 1994 թ. Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը ստորագրեցին հրադադարի համաձայնագիր, ինչպես նաև 1995 թ.` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հրադադարի հաստատունացման մասին եռակողմ պայմանագիր: Այս համաձայնագրերը հակամարտող կողմերը և Ղարաբաղյան հակամարտության գծով
ԵԱՀԿ Մինսկի խումբը ճանաչեցին որպես իրենց էությամբ անժամկետ և հակամարտության գոտում երկարատև զինադադարի հաստատման համար հիմք:

2016 թ. ապրիլի 2­ին` 1994 թ. հրադադարի կնքումից 22 տարի անց, Ադրբեջանի Զինված ուժերը ղարաբաղա­ադրբեջանական շփման գծի երկայնքով ձեռնարկեցին լայնամասշտաբ հարձակում, որի հիմնական նպատակն էր ձախողել հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը, զավթել Լեռնային Ղարաբաղը և նրա հայկական բնակչությանը ենթարկել ցեղասպանության:

Ադրբեջանը շարունակում է լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի սանձազերծման սպառնալիքով մոլորեցնել միջազգային հանրությանը:

Ադրբեջանի այս վարքագիծը զգալի չափով պայմանավորված է այն հանգամանքով, որ չկան շփման գծի շուրջ ռազմական գործողությունների վերսկսման դինամիկան գրանցող մեխանիզմներ: Ադրբեջանը շատ տարիներ մերժում է հրադադարի մշտազննման
վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահների առաջարկությունները:

Մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահ պետությունները, Հայաստանի Հանրապետության առաջարկությամբ, արդեն մի քանի տարի շարունակ քննարկում են այդ մեխանիզմների` որպես վստահության ամրապնդման միջոցի ներդրման հնարավորությունը:

2016 թ. մայիսին Վիեննայում ԱՄՆ­ի պետքարտուղարի, Ռուսաստանի արտգործնախարարի և Ֆրանսիայի` եվրոպական հարցերով պետքարտուղարի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպման արդյունքներով ձեռք բերվեց հակամարտության շփման գծի երկայնքով հրադադարի հրաձգային խախտումների հետաքննության մեխանիզմների վերաբերյալ
համաձայնություն:

Սա պատեհաժամորեն ընդունված որոշում է, որովհետև զուտ ռազմական զսպման հնարավորությունները խիստ նվազել են, քանի որ կողմերից մեկը ակտիվ կերպով գնում է հարձակողական սպառազինություն՝ խախտելով ուժերի հաշվեկշիռը:

Դրա հետ մեկտեղ, Վիեննայում 2016 թ. մայիսին կայացած հանդիպման արդյունքները տվյալ համատեքստում պետք է դիտվեն որպես ոչ միայն հրադադարի ռեժիմը երկու հակամարտող կողմերի ազգային օդային տարածքներից վերահսկելու վերաբերյալ համաձայնություն, այլև երկու հակամարտող պետությունների ազգային ինքնիշխանություններից դուրս գտնվող տիեզերական տարածությունից հարձակողական սպառազինության կուտակման և զորքերի տեղաշարժի միջոցով պատերազմին պատրաստումը վերահսկելու ուղեծրային մեխանիզմների ընտրության վերաբերյալ հիմք հանդիսացող ՀՀ­ի և ԱդրՀ­ի հետ հաջողված միջազգային խորհրդարկություն:

Այս տեսակետից կարող է օգտակար լինել, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահները բանակցություններ սկսեն Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսման համար հարձակողական սպառազինության կուտակումը և զորքերի տեղաշարժը մշտազննելու, վերահսկելու և շահագրգիռ կողմերին իրազեկելու նպատակով իրենց տրամադրության տակ եղած մերձերկրային ուղեծրային
ապարատները կիրառելու հարցով:

Պատերազմի զսպման նպատակով ուղեծրային խորազննման բարձրտեխնոլոգիական տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների նման նորարարական կիրառումը կարող է փորձարարական հարթակ դառնալ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ­ի և Ֆրանսիայի միջև խաղաղաշինության նպատակով թիրախային նշանակության հետախուզական տեղեկույթի փոխանակման համար:

Քաղաքական­դիվանագիտական և ռազմական զսպման ասպարեզում այս նորամուծությունը հաջողության դեպքում կարող է որպես նմուշ կիրառվել համաշխարհային մասշտաբներով, որպեսզի կանխվի Հարավային Կովկասի, Մերձավոր Արեւելքի և
Կենտրոնական Ասիայի նման հարակից տարածաշրջաններից դերակատարների աղետալի ներգրավմամբ` Ղարաբաղյան հակամարտության տիպի տեղափակված սառեցված հակամարտությունների վերաճումը պատերազմի:

Տեսանյութեր

Լրահոս