Իշխանության հավերժական վերարտադրության գլխավոր աղբյուրը
Թեև ընդամենը 4 ամիս է մնացել խորհրդարանական ընտրություններին, սակայն նախընտրական մթնոլորտ, որպես այդպիսին, դեռևս չի ձևավորվել։ Բոլոր կուսակցություններն էլ այս կամ այն չափով պատրաստվում են ընտրություններին, սակայն քաղաքական ուժեր-հասարակություն հարաբերության մեջ նախընտրական բաղադրիչը բացակայում է։ Թեև եթե ավելի անկեղծ՝ կուսակցություններ-հասարակություն կապ, ըստ էության, գոյություն չունի էլ։
Դրա պատճառները բազմաթիվ են։ Ամենաշատը խոսվող ու քննարկվող պատճառը վստահության բացակայությունն է քաղաքական ուժերի նկատմամբ։ Հասարակությունը տոտալ անվստահությամբ է վերաբերվում ոչ միայն իշխանությանը, այլև գրեթե հավասարապես նաև ոչ իշխանական, ընդդիմադիր ուժերին։ Հասարակությունն անվստահությամբ ու արհամարհանքով է վերաբերվում քաղաքականություն երևույթին ընդհանրապես։
Լայն իմաստով՝ հասարակությունը մերժում է քաղաքականությունը՝ որպես իր կյանքի կազմակերպման հիմնական միջոց։ Ու նաև այդ պատճառով հասարակությունը չի ներկայացնում քաղաքական, քաղաքականության պատվեր, որի սպասարկողները պետք է դառնային քաղաքական կուսակցությունները, և որի լավ կամ վատ սպասարկումից կախված՝ քաղաքական ուժերը պետք է հայտնվեին կամ դուրս մնային խորհրդարանից ու իշխանության մնացած հարթակներից։
Հայաստանում ներկայացվում է միայն քաղաքական առաջարկ՝ իշխանության և քաղաքական համակարգի այլ մասնակիցների՝ ընդդիմադիրների կողմից։ Սակայն քաղաքական համակարգը Հայաստանում կիսատ է կամ անկատար, քանի որ այն գործում է դրա կարևոր բաղադրիչի կամ բևեռի՝ հասարակության գերպասիվության կամ անտարբերության պայմաններում։ Արդյունքում ընտրությունից ընտրություն ներկայացվում է միայն քաղաքական առաջարկ՝ առանց քաղաքական պահանջարկի։
Դա էլ իր հերթին հանգեցնում է նրան, որ Հայաստանում խորքային, բովանդակային իմաստով տեղի է ունենում ոչ թե ընտրություն, այլ ընդամենը քվեարկություն։ Որովհետև ընտրություններին մասնակցող քաղաքացիները ոչ թե ընտրում են քաղաքական ուժերին՝ ելնելով նրանից, թե որոնք են ավելի լավ կամ վատ սպասարկում իրենց ներկայացրած քաղաքական պահանջարկը, այլ ընդամենը քվեարկում են այս կամ այն ուժին, որը հանդես է գալիս սեփական՝ հասարակությունից օտարված օրակարգով։
Ընտրության ու քվեարկության միջև տարբերությունը շատ նուրբ է, ընտրողների մեծ մասը չի էլ զգում այդ տարբերությունը, որովհետև ընտրությանը վերաբերում է զուտ որպես մեխանիկական երևույթի, ակտի, որը տեղի է ունենում չորս կամ հինգ տարին մեկ անգամ՝ հերթական ոչ աշխատանքային օրը։ Նաև այդ՝ մեխանիկական վերաբերմունքի պատճառով է, որ հասարակությունը չի մերժում ամենատարբեր դրսևորումներով մատուցվող ընտրակաշառքը՝ համարելով, որ քվեարկությանը մասնակցելու համար կարելի է նաև նյութական փոխհատուցում ստանալ։
Ընտրության և ոչ թե քվեարկության մասնակցելով՝ մարդկանց մեծամասնությունը չէր վերցնի այդ ընտրակաշառքները։ Այս իրավիճակի բազմաթիվ պատճառներից մեկն էլ այն է, որ հասարակությունն իրեն օտարված է զգում ինչպես պետությունից, այնպես էլ պետության հետ իդենտիֆիկացվող իշխանությունից։ Հասարակությունը իրեն չի համարում իշխանության սեփականատեր, որովհետև այդ իշխանությունը երբեք չի ձևավորվել հանրային տրամադրությունների հանգույն։ Եվ իրեն չհամարելով իշխանության սեփականատեր՝ հասարակությունն ընդամենը քվեարկությամբ վավերացնում է իշխանության ձևավորման այն սցենարը, որն արդեն իսկ գրվել է իշխանական կաբինետներում, ու որում ձևի համար, իշխանական ուժերից բացի, որոշակի տեղ է հատկացվում նաև ընդդիմադիր կուսակցություններին։
Այս իրավիճակի մյուս պատճառն էլ քաղաքացիականության, իրական քաղաքացիականության բացակայությունն է Հայաստանում։ Մեր հասարակության անդամները դեռևս շատ հեռու են քաղաքացի լինելուց ու ավելի շատ համապատասխանում են ժողովուրդ արտահայտությանը, որը, մեծ հաշվով, հակաքաղաքացիական է ու զանգվածային, ընտրազանգվածային բնորոշում։ Ընդամենը։
Քաղաքացիականության գիտակցության բացակայությունն է իշխանության հավերժական վերարտադրության հիմնական գրավականն ու աղբյուրը և ոչ թե բռնաճնշումները, ընտրակաշառքը կամ ընտրակեղծիքները, ինչպես թվում է առաջին հայացքից։
Այս երևույթները ոչ միայն գիտակցական, այլև գուցե ավելի շատ ենթագիտակցական մակարդակում գոյություն ունեցող երևույթներ են։
Քանի դեռ հասարակությունը դրանք ենթագիտակցությունից չի բերել գիտակցություն, քանի դեռ չի գիտակցվել ընտրության ու քվեարկության տարբերությունը, ու ամենակարևորը՝ քանի դեռ այդ գիտակցումով հասարակությունը չի դարձել քաղաքականության պատվիրատու, Հայաստանում տեղի են ունենալու ոչ թե ընտրություններ, այլ քվեարկություններ, որոնք համապատասխանելու են գործող իշխանության վերարտադրության այս կամ այն սցենարին։ Ընդդիմադիր ուժերի գործուն ու ցուցափեղկային մասնակցությամբ, բնականաբար։
Հարություն Ավետիսյան