Ինչպես հասկանալ օրգանիզմի ազդանշանները. մի՛ արհամարհեք դրանք
Հաճախ նախանշաններն ուշադրության չեն արժանանում, բայց դրանք կարող են լուրջ պաթոլոգիայի արտահայտություն լինել։ «Айболит» խումբը գրում է, որ օրգանիզմը միշտ էլ ազդանշաններ է ուղարկում, երբ վատ է զգում։ Միակ վատ բանն այն է, որ ոչ միշտ է այս ամենը շատ ակտիվ լինում։ Երբեմն դա կարող է լինել թեթև ցավ կամ գլխապտույտ, որը կարելի է անցկացնել դեղահաբերով և այլ միջոցներով։ Սակայն դա ընդհանրապես չի նշանակում, որ օրգանիզմին օգնություն անհրաժեշտ չէ։ Ընդհակառակը՝ անհրաժեշտ է սովորել ճիշտ մեկնաբանել այդ երևույթները՝ առողջությունը պահպանելու համար։ Ո՞ր իրավիճակներն են հատուկ և անհետաձգելի ուշադրություն պահանջում։
• Ցավ լրծքավանդակում։ Ընդունված է համարել, որ այս ցավը կարող է լինել սրտային պաթոլոգիայի նշան։ Հաճախ իրականում այսպես էլ լինում է։ Այդ զգացումներն ուղեկցվում են բարձր ճնշմամբ, շնչառության հաճախացմամբ, սրտխառնոցի առաջացմամբ։ Այս նշանները կարող են հայտնվել նաև պնևմոնիայի, օնկոլոգիական խնդիրների դեպքում։ Ցավը կարող է սուր կամ բութ լինել։ Ընդ որում, դրանք հաճախ կարելի է անցկացնել ցավազրկող միջոցներով… և բաց թողնել թանկարժեք ժամանակը։ Այսպիսի խնդիրների դեպքում անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ դիմել մասնագետների օգնությանը՝ հասկանալու համար դրանց պատճառները։
• Գիտակցության անսպասելի կորուստ։ Գիտակցության կորուստները հաճախ արհամարհվում են հիվանդների կողմից. նրանք դա կարող են վերագրել ցանկացած բանի՝ հոգնածություն, շոգ, դեպրեսիա, սթրես։ Սակայն պետք է հիշել, որ գիտակցության կորուստը հաճախ դառնում է լուրջ և վախեցնող պաթոլոգիայի նշան՝ կաթված։ Քանի որ գլխուղեղն անհրաժեշտ քանակով արյուն և թթվածին չի ստանում, բջիջներն ու հյուսվածքները սկսում են մահանալ։ Հենց այդ պատճառով էլ մարդը «զրկվում է զգացմունքներից»։ Հաճախ այս ամենին նախորդում է սրտխառնոցի զգացումը, ականջների խշշոցը, աչքերի առաջ կետեր տեսնելը։ Սովորաբար գիտակցության կորուստը երկար չի տևում։
• Քաշի կտրուկ կորուստ։ Նիհարել երազում են շատերը։ Սակայն բոլորն էլ գիտեն, որ ավելորդ կիլոգրամներից ազատվելու գործընթացը պետք է դանդաղ տեղի ունենա։ Եթե մարմնի զանգվածը հետևողականորեն նվազում է, անհրաժեշտ է մտահոգվել։ Մասնագետները պնդում են, որ ծայրահեղ պետք է համարել մարմնի 5 տոկոսի կորուստը կարճ ժամանակահատվածում։ Քաշի արագ կորուստը բժիշկներին հաճախ ստիպում է մտածել՝ արդյոք անձը խնդիր չունի՞ օնկոլոգիայի հետ։ Քաշի արագ կորուստը կարող է վկայել նաև շաքարային դիաբետի, աղիների հետ կապված խնդիրների, վահանաձև գեղձի, տուբերկուլյոզի, Ալցհեյմերի հիվանդության, երիկամային անբավարարության մասին։ Այնպես որ՝ անհրաժեշտ է արագ լուծել այս խնդիրը, որպեսզի կարողանաք խուսափել հետևանքներից։
• Բարձր ջերմություն։ Երկար ժամանակ ջերմության բարձրացումից պետք է զգուշանալ։ Սա հանգեցնում է ուժերի սպառման, այս կամ այն օրգանների ֆունկցիաների հետ կապված խնդիրների։ Պատճառները կարող են շատ տարբեր լինել՝ մենինգիտ, տարբեր վարակներ։
• Մշտական հոգնածություն։ Հոգնածության զգացողությունը նորմալ է. այսպես օրգանիզմը ազդանշան է ուղարկում, որ իր հնարավորությունների սահմանագծին է գտնվում։ Սակայն եթե այս զգացողությունը դառնում է մշտական և պահպանվում է լավ հանգստանալուց հետո, անհրաժեշտ է մտահոգվել։ Այդպիսի վիճակը հնարավոր չէ նորմալ համարել և կարող է վկայել այն մասին, որ անձը տառապում է անեմիայով, դեպրեսիայով կամ նույնիսկ օնկոլոգիական խնդիրներ ունի։ Սրանք բոլորը բացառելու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի օգնությանը։
• Ջղաձգություն։ Շարունակական ջղաձգությունը բժշկին այցելելու լուրջ առիթ է։ Սա կարող է սրտի հետ կապված պաթոլոգիաների նշան լինել, ինչպես նաև վկայել երակների և հորմոնների հետ կապված խնդիրների մասին։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը