Ժնևի աճուրդում 17,1 մլն դոլարով հազվագյուտ երկնագույն ադամանդ է վաճառվել
Ժնեւի աճուրդում նոյեմբերի 16-ին 17,1 միլիոն դոլարով վաճառվել է 8,01 կարատ քաշով «Երկնակապույտ ադամանդ» հազվագյուտ թանկարժեք քարը: Sotheby’s աճուրդային տան տվյալներով՝ հինգ տարում այն թանկացել է 33,6 տոկոսով: 2012 թվականին այս հազվագյուտ քարի համար վճարվել էր 12,8 միլիոն դոլար։
Քառակուսու ձեւ ունեցող ադամանդը, որն ընդելուզված Է Cartier ոսկերչական տան մատանու վրա, նախքան աճուրդը գնահատվում էր 15 – 25 մլն դոլար: Քարին չի հաջողվել գերազանցել այն ռեկորդը, որն անցյալ տարվա նոյեմբերին սահմանվել է Sotheby’s-ի աճուրդում, երբ 12,03 կարատ քաշով «Ժոզեֆինայի երկնագույն լուսինը» վաճառվել Է 48,5 միլիոն դոլարով: Առայժմ անցյալ տարվա ռեկորդակիրը մնում է աշխարհում միակ ադամանդը, որի յուրաքանչյուր կարատի համար վճարվել է ավելի քան 4 միլիոն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: