Եմենում երկօրյա հրադադար է հաստատվել
Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան, որն աջակցում է Եմենի կառավարությանը, հայտարարել է Եմենում 48-ժամյա հրադադարի ռեժիմ հաստատելու մասին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացնում է Սաուդյան Արաբիայի տպագրական գործակա ությունը:
Հրադադարի ռեժիմն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 19-ի կեսօրից:
Եմենում 2014 թվականի օգոստոսից շարունակվում է հակամարտությունը կառավարական ուժերի և ապստամբ հուսիտների միջև: Հակամարտությունն ավելի ակտիվ փուլի անցավ 2015 թվականի մարտին, երբ խնդրին միջամտեց Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան: Եմենի պաշտոնական տվյալներով` 2015 թվականի գարնանից սպանվել է ավելի քան 10 հազար խաղաղ բնակիչ, որոնցից շուրջ 2 հազար 400-ը երեխաներ են, իսկ 2 հազարը` կանայք: Նույն ժամանակահատվածում վիրավորվել է ավելի քան 18 հազար 500 եմենցի:
Հուսիտները պատկանում են շիա զեյդիտների խմբին: Խումբն անունը ստացել է հիմնադիր և նախկին ղեկավար Հուսեյն ալ-Հուսիի անունից, որը սպանվել էր Եմենի բանակի կողմից 2004-ին: