Ստամբուլում գյուլենականների գործով կալանավորվել է 2 հազար 250 մարդ
Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո երկրում գյուլենականների դեմ տարվող գործողությունների շրջանակում միայն ստամբուլի կալանավորվել է 2 հազար 250 մարդ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ընդհանուր առմամբ իրավապահ մարմինները Ստամբուլում առանձնացրել են 7 հազար 437 կասկածյալի, որոնց շարքում են զինվորներ, ոստիկաններ, գիտնականներ, փաստաբաններ, ուսուցիչներ և այլ անձինք: Թուրքիայի իշխանությունները չափավոր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում են երկրում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Այս կապակցությամբ, երկրի պետական և մասնավոր ոլորտները սկսել են մաքրել գյուլենականներից:
Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը: