ԱՄՆ-ը կարող է կորցնել կլիմայի հետ կապված խնդիրներում իր առաջնային դերը
Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ Մեծ քսանյակի անդամ որոշ երկրներ չեն կատարում իրենց պարտավորությունները արտանետումների կրճատման ուղղությամբ: Գիտնականները մտահոգված են, որ նորընտիր նախագահ Թրամփը կարող է ԱՄՆ-ը դուրս բերել Փարիզի համաձայնագրից: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի կլիմայի մասին հետազոտողները մատնանշում են 6 երկրներ, որոնք չեն ձևավորել համապատասխան օրենսդրական դաշտ՝ արտանետումների կրճատման իրենց նպատակային եզրին հասնելու համար: Դրանք են Միացյալ Նահանգները, Արգենտինան, Ավստրալիան, Կանադան, Սաուդյան Արաբիան և Թուրքիան:
«Արդյո՞ք կա ձևավորված քաղաքականություն այս առումով: Արդյո՞ք կան օրենքներ: Ինչպե՞ս խրախուսել արտանետման նվազեցումը: ԱՄՆ-ում, օրինակ, գործում է Մաքուր էլեկտրականության ծրագիր, սակայն այն վերաբերում է մեկ սեկտորի: Չկա ամբողջական ծրագիր, որը կվերաբերի երկրի բոլոր ոլորտների արտանետումներին»,- ասում է Սամուել Ֆանհաուզերը Լոնդոնի տնտեսագիտության դպրոցից:
Զեկուցումը հրապարակվել է Մարոկկոյի Մարաքեշում կլիմայի վերաբերյալ համաշխարհային գագաթաժողովի ընթացքում: Պատվիրակները աշխատում են Փարիզի համաձայնագրի շուրջ, որը նախատեսում է կրճատել համաշխարհային ջերմացումը:
«Փարիզի համաձայնագիրը վավերացվել է 110 երկրների կողմից: Դա չափազանց փխրուն մի փոխզիջում է, և առկա է հնարավորություն, որ նրանց միջև նորից կընթանա պայքար: Սակայն կա նաև որոշակի կայունություն: Երկրները պատկերացում ունեն, թե որ ուղղությամբ պետք է շարժվեն, սակայն նրանք նաև գիտակցում են, որ դա իրենց շահերից է բխում»,- ասում է Ֆանհաուզերը:
Դոնալդ Թրամփի հաղթանակը կարող է դանդաղեցնել այս գործընթացը: Վերջինս իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել է ԱՄՆ-ը դուրս բերել համաձայնագրից:
Մարաքեշում պատվիրակները տարբեր երկրներից դիմել են Վաշինգտոնին՝ խնդրելով կատարել իր վրա վերցված պարտավորությունները:
«Ո′չ գործող և ո′չ էլ գալիք վարչակազմը չպետք է փորձի խափանել մեր կոլեկտիվ ցանկությունն ու համաշխարհային մարդկության պահանջը՝ մեր մոլորակը դարձնելու ավելի լավը և ապահովելու կյանքի շարունակականությունն այստեղ»,- ասել է Բոտսվանայի նախագահ Իան Խաման:
Կլիմայի ոլորտի մասնագետներն ասում են, որ Օբամայի վարչակազմի օրերին ԱՄՆ-ը դարձել է այս գործընթացի առաջնային երկիրը:
«Օբամայի վարչակազմը երեկ հրապարակել է մի ծրագիր, որը նախատեսում է 2005 թվականի մակարդակից զգալիորեն ավելի շատ արտանետումների կրճատում մինչև 2050 թվականը: Դա ավելի գրավիչ ծրագիր է, քան ԱՄՆ-ը ունեցել է նախկինում, սակայն դա դեռ բավարար չէ»:
Մեծ Բրիտանիան վերջին երկիրն էր, որը վավերացրեց Փարիզի կլիմայի վերաբերյալ համաձայնագիրը, որի կողմնակիցները հույս ունեն, որ ԱՄՆ-ի դաշնակիցները կհամոզեն նորընտիր նախագահ Թրամփին՝ դուրս չբերել Միացյալ Նահանգները համաձայնագրից: