Հովիկ Աբրահամյանի որդին կանդամագրվի՞ ՀՀԿ-ին. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արտաշատի քաղաքապետ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, ըստ տևական ժամանակ շրջանառվող խոսակցությունների, պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ պատգամավորի թեկնածու առաջադրվել՝ Արարատի մարզում:
«Ես չեմ կարող նման խոսակցությունները պաշտոնապես մեկնաբանել: Նման խոսակցություններ միշտ էլ կան, բայց դրանք համապատասխանում են իրականությանը, թե ոչ՝ չեմ կարող ասել, հաստատել կամ հերքել: Դա կերևա ընտրություններից առաջ՝ պարոն Աբրահամյանը ցանկություն ունի՞ առաջադրվել, թե՞ ոչ։ Առայժմ ոչ մի բան հայտնի չէ»,-մեզ հետ զրույցում ասաց Արարատի մարզի ՀՀԿ մարզային կազմակերպիչ Մելս Աբրահամյանը: Նշենք, որ Արգամ Աբրահամյանն անկուսակցական է, առայժմ չի անդամագրվել ՀՀԿ-ին, ինչպես Աբրահամյան գերդաստանից շատերը: Կանդամագրվի առաջիկայում, ի թիվս մյուս անկուսակցական պաշտոնյաների, թե ոչ՝ մնում է ենթադրել:
Ի դեպ, Մելս Աբրահամյանին հարցրինք՝ ինքը նույնպե՞ս ազգակցական կապ ունի Հովիկ Աբրահամյանի հետ: Ասաց, որ ոչ, ընդամենը ազգանունների համընկնում է, և ինքը երբեք չի օգտվել այդ համընկնումից ու Աբրահամյան լինելու հանգամանքը չի օգտագործել ինչ-ինչ հարցեր լուծելու համար: Նկատենք, որ Արարատի մարզպետը նույնպես Աբրահամյան է՝ Ռուբիկ Աբրահամյանը, նա ևս ազգակցական կապ չունի Հ. Աբրահամյանի հետ, սակայն համարվում է նրա «քիփը»: Փաստորեն, Արարատի մարզն Աբրահամյանների տիրապետության տակ է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։