Թալանել են ապրիլյան պատերազմի զոհերից Սարգիսի հոր մեքենան. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Նախորդ գիշերը թալանել են ապրիլյան պատերազմի զոհերից Սարգիս Գասպարյանի հոր՝ Արթուր Գասպարյանի, մեքենան: Մեքենայից տարել են ամեն ինչ, այդ թվում գազի բալոնը, մեքենայում եղած ալյուրը, շաքարավազը, սուրճը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ նախօրդ օրն առավոտյան 8:10-ին Արթուր Գասպարյանից հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 16-ին ժամը 23:30-ից մինչև նոյեմբերի 17-ը ժամը 07:30-ը ընկած ժամանակահատվածում ապակին կոտրելու միջոցով Երևանի Շենգավիթ համայնքի Շիրակի փողոցի 6 ա շենքի բակում կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայից գողություն է կատարվել:
«Դեպքի առթիվ հետաքննություն է կատարվում: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, որն արդեն իսկ դրական արդյունք է տվել»,- նշեցին ոստիկանությունից: Մեր հարցին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ կա համապատասխան անձ, որը կասկածվում է հանցագործության մեջ՝ ոստիկանության լրատվականի աշխատակիցը պատասխանեց. «Ասացի արդեն»: Վերջինս նշեց, որ այս պահին ճշտվում է նաև վնասի չափը:
Հիշեցնենք, որ Սարգիսը Գասպարյանը վիրավորվել էր ապրիլի 29-ին, երբ փորձել էր օգնել և կրակի տակից դուրս բերել վիրավոր ընկերոջը: Թշնամու արձակած կրակոցներից վնասվել էին գրեթե բոլոր ներքին օրգանները: Սկզբում Սարգիսին վիրահատել էին Մարտակերտում, ապա տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց: Կյանքի ու մահվան միջև երկար կռիվ տալուց հետո մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Սարգիսը մահացել է»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։