
ԵՆԲ փոխնախագահը գոհ է բանկի ֆինանսավորմամբ ՀՀ-ում իրականացվող ծրագրերի արդյունքներից

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 18-ին հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչներին՝ ԵՆԲ փոխնախագահ Յան Վապավուրիի գլխավորությամբ։
Ողջունելով ներկաներին՝ Վ. Մարտիրոսյանը նշել է, որ ԵՆԲ-ի հետ համագործակցությունն ամուր հիմքեր ունի և պետք է աշխատել ջանքեր ներդնել այն շարունակելու համար։ Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից` հավելելով. «Նախարարն անդրադարձավ ԵՆԲ-ի համաֆինանսավորմամբ հիմնանորոգվող Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական մայրուղուն՝ նշելով, որ ճանապարհահատվածում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում և հնարավոր է, որ հիմնանորոգումն ավարտվի նախանշված ժամկետից շուտ։
Յան Վապավուրին, խոսելով ԵՆԲ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի մասին, ընդգծեց, որ գոհ է այդ ծրագրերի արդյունքներից։
Անդրադառնալով առաջիկա համագործակցության հնարավորություններին՝ նախարար Վահան Մարտիրոսյանը կարևորեց ինչպես ճանապարհաշինության, այնպես էլ ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը»: