«Ադրբեջանում որոշել են Իլհամին տալ Բրիտանիայի թագուհու կարգավիճակ». Սամվել Մարտիրոսյան
Ադրբեջանում երկրի ղեկավարի պատիվն ու արժանապատվությունը ինտերնետ տիրույթում արատավորելու կամ ստորացնելու փորձը կհանգեցնի քրեական պատասխանատվության։
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ «Ադրբեջանում որոշել են Իլհամին տալ Բրիտանիայի թագուհու կարգավիճակ»:
«Այնտեղ էլ նույնն է՝ թագուհու հետ կապված: Սա այն դեպքերից է, որ պարզապես հերթական անգամ ֆիքսում է այն, ինչ պարզ էր՝ երկրում անձի պաշտամունք է: Իրականում Ադրբեջանում երկու անձի պաշտամունք է՝ հոր և որդու: Հիմա փորձում են կոշտ ձևերով դա բացատրել բոլոր նրանց, ովքեր դա դեռ չեն հասկացել»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովն առաջարկություն է ուղարկել Միլի մեջլիս՝ կապված Ադրբեջանի ՔՕ-ում հավելյալ 323.1 հոդված սահմանելու մասին (հրապարակային ելույթներում, ԶԼՄ-ների միջոցով, հրապարակային ստեղծագործություններում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը արատավորելու կամ ստորացնելու մասին)։
Համաձայն նախագծի՝ այդ հոդվածում «կամ զանգվածային տեղեկատվության միջոցներ» բառերը փոխարինվելու են «ԶԼՄ-ների միջոցով կամ տեղեկատվական ինտերնետ-ռեսուրսներում հրապարակային տարածման դեպքում» բառերով։
Այդ գործողությունների համար նախատեսվում է տուգանք՝ 500-1000 մանաթի չափով կամ ուղղիչ աշխատանքներ՝ մինչև 2 տարի ժամկետով, կամ 1 տարով ազատազրկում։