«Ապօրինի հարստացման քրեականացման հետադարձ ուժի խնդիրը քաղաքական իշխանության կամքի դրսևորում չէ». Արփինե Հովհաննիսյան
«Ապօրինի հարստացման քրեականացման հետադարձ ուժի խնդիրը որևէ պարագայում քաղաքական իշխանության կամքի դրսևորում չէ: Դա բացառվում է: Միջազգային իրավունքի սկզբունք է դա, որ եթե որևէ արարք քրեականացնում ես որևէ պահի, հետադարձ ուժ չի կարող ունենալ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Քրեական օրենսգրքում փոփոխությունները, որ այսօր արժանացել են կառավարության հավանությանը:
Ըստ Ա. Հովհաննիսյանի՝ բոլորի մասին հաստատված արշինով չափելն ու խոսելը ճիշտ չէ, անմեղության կանխավարկածը պետք է գործի. «Դուք այդ համոզման եք, որ այդ նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո ապօրինի հարստացման վտանգ, գայթակղություն չի՞ լինելու: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ապօրինի հարստացման անհրաժեշտությունը կոռուպցիոն հանցագործությունների սխեմայում սկսում է հատկապես արդիական թվալ այն ժամանակ, երբ կոռուպցիոն դասական հանցագործությունները սկսում են չաշխատել»:
Ա. Հովհաննիսյանը նշեց, որ անձին դատապարտելու են ոչ թե գործողության, այլ վիճակի համար: Ընդ որում՝ առանձին դիտարկվելու և պատասխանատվության են ենթարկվելու ոչ միայն պաշտոնական անձինք, այլև նրանց հետ փոխկապակցված անձինք:
«Շղթան երկու կողմից փակ է՝ կա՛մ ապօրինի հարստացման համար պետք է դատապարտվի, ի վերջո, կա՛մ կեղծ հայտարարագիր ներկայացնելու»,- ասաց նախարարը:
Մանրամասները` տեսանյութում: