Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման դիմումները կներկայացվեն նաև առցանց

Սահմանվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմում ներկայացնելու կարգը, ներկայացվող տվյալների ցանկը, առցանց ներկայացված դիմումի (տվյալների) հիման վրա նպաստը նշանակելու, վճարելու որոշում կայացնելու պայմաններն ու կարգը: Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նա խարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ընտանիքում ծնված առաջին կամ երկրորդ երեխայի համար սահմանված չափով երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու  (եթե ՀՀ քաղաքացիություն ունեցող երեխայի ծննդի պետական գրանցումը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը, և երեխայի համար տրվել է ծննդյան վկայական) դիմում ներկայացնելու համար դիմողը մուտք է գործում www.epension.am կայ­քէ­ջ, գրանցվում է կայքէջում և համապատասխան ծրագրային գործիքի միջոցով տեղեկատվական համակարգ է մուտքագրում.

ծնողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,

նոր ծնված երեխայի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վկայականի սերիան ու համարը, ծննդյան վկայականը հատկացնելու օրը, ամիսը, տարեթիվը,

նպաստի` ուղղակի վճարվող գումարը վճարելու համար ծնողի բանկային հաշվի համարը կամ այն բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ գումարը:

Առցանց դիմումին կից փաստաթղթեր (էլեկտրոնային լուսապատճեններ) չեն ներկայացվում: Առցանց դիմումի հիման վրա նպաստը լիազորագրով չի վճարվում: Առցանց դիմումի հիման վրա նպաստը վճարվում է դիմումը ներկայացնելուց հետո՝ 10 օրացուցային օրվա ընթացքում: Տեղեկատվական համակարգ մուտքագրված տվյալների հավաստիությունն առցանց եղանակով ճշտվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնից ստացված տվյալների հիման վրա:

Գործող կարգով նպաստը նշանակելու համար ծնողը սոցիալական ապահովության տարածքային բաժին է ներկայացնում համապատասխան դիմում և անհրաժեշտ այլ փաստաթղթեր:

Տեղեկատվական համակարգերի կիրառմամբ  հնարավորություն կստեղծվի   տեղեկատվությունը փոխանակել առցանց ռեժիմով և երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումը ընդունել նաև առցանց:

«Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման մեջ  փոփոխություններ և լրացումներ կատարելու կառավարության նախագիծն ընդունվել է ՀՀ կառավարության 18.11.2016թ. հերթական նիստում:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Տեսանյութեր

Լրահոս