Դեսպան Մանասարյանը հանդիպումներ է ունեցել Մոնղոլիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Մոնղոլիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը (նստավայրը՝ Պեկին) Մոնղոլիա այցի շրջանակներում նոյեմբերի 17-ին հանդիպում ունեցավ Մոնղոլիայի կրթության, մշակույթի, գիտության և սպորտի նախարար Ջամիյանսարեն Բացուրիի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին գիտակրթական և մշակութային ոլորտներում երկկողմ համագործակցության հնարավորությունները, նախանշվեցին այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Նախարար Բացուրին նշեց, որ Մոնղոլիայում բարձր են գնահատում հայաստանյան ԲՈՒՀ-երի շրջանավարտների կրթական մակարդակը՝ միաժամանակ ընդգծելով, որ Խորհրդային շրջանում Հայաստանում կրթություն ստացած ուսանողներն այժմ Մոնղոլիայում առաջատար դիրքեր են զբաղեցնում իրենց ոլորտներում։ Նախարար Բացուրի խոսքով՝ Մոնղոլիայում շահագրգռված են ՀՀ ԲՈՒՀ-երում ուսանելու նպատակով այսօր ևս ուսանողներ ուղարկել Հայաստան:

Այդ համատեքստում ՀՀ դեսպանը նշեց, որ Հայաստանում այժմ ուսանում են արտերկրից ժամանած բազմաթիվ ուսանողներ, և հայկական կողմը պատրաստակամ է կրկին իր հարկի տակ ընդունել Մոնղոլիայից ժամանած ուսանողներին։ Նույն օրը դեսպան Մանասարյանը հանդիպում ունեցավ նաև Մոնղոլիայի ֆինանսների փոխնախարարի տեղակալ Խուրելբաատարին Բուլգանտույայի հետ։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տնտեսական, գիտական և տեխնիկական ոլորտում համագործակցության խորացման, համապատասխան իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, երկու երկրների առևտրատնտեսական պալատների միջև կապերի խթանման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին: Որպես համագործակցության հեռանկարային ոլորտներ նշվեցին հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և նորագույն տեխնոլոգիաները։

Զրուցակիցները համակարծիք էին, որ առկա է երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ներուժ, ինչն ինքնին պարտավորեցնում է համապատասխան ջանքեր գործադրել համագործակցության խորացման ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս