«ԼՂ հակամարտության գոտում զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմներից հրաժարվել է Ադրբեջանը». ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանն արդիական է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման հարցը։ Այս մասին երեկ կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով TASS-ի լրագրողի հարցին։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը։
Զախարովան նշել է, որ այս տարվա հունիսին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը այդ հարցով կոնսենսուս չի գրանցվել ադրբեջանական կողմի մեղքով։
«Զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման հեղինակը Ռուսաստանի Դաշնությունն է։ Դեռևս 2011թ. Սոչիի եռակողմ հանդիպմանը ռուսական կողմը հանդես էր եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինված միջադեպերի հետաքննության նախաձեռնությամբ:
Այնուհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ նախապատրաստել են համապատասխան մեխանիզմի նախագիծը, որը հետագայում մշակվել է նաև ԵԱՀԿ փորձագետների կողմից»,- հայտարարել է Զախարովան։
«Վիեննայի գագաթաժողովում համաձայնություն էր ձեռք բերվել սեղմ ժամկետներում ավարտել այդ աշխատանքը, սակայն հունիսին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների սանկտպետերբուրգյան հանդիպմանը այդ հարցի շուրջ կոնսենսուս ձեռք չի բերվել:
Ադրբեջանական կողմը պնդել է, որ զինված միջադեպերի հետաքննության որևիցե անհրաժեշտություն չկա, քանի որ այդ պահին հակամարտության գոտում իրավիճակը կայուն էր:
Արդյունքում՝ մեխանիզմների թեման չի արտացոլվել այդ հանդիպման արդյունքներով արված հայտարարության մեջ: Միաժամանակ, մեր կարծիքով, մեխանիզմի հարցը մնում է արդիական»,- ընդգծել է Զախարովան: