«Որոշ թռչունների մոտ նկատվել է հետպատվաստային ռեակցիա». ՍԱՊԾ

«Առավոտ» օրաթերթը նոյեմբերի 17-ին հրապարակել է տեղեկություն այն մասին, որ հանրապետությունում թռչունների անկման խոշոր դեպք է գրանցվել:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ թերթի հրապարակումը չի համապատասխանում իրականությանը. անկման ահազանգ չկա ոչ միայն «Լուսակերտի», այլ նաև մյուս թռչնաֆաբրիկաներից կամ գյուղացիական տնտեսություններից:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ծառայության մասնագետները նույն օրն առավոտյան այցելել են թռչնաֆաբրիկա՝ իրավիճակը պարզելու նպատակով: Թեև, հոդվածի հեղինակի բնորոշմամբ, «զանգվածային անկում» կամ «թռչունների ողջ գլխաքանակի անկում էր գրանցվել», պատկերը բոլորովին այլ է եղել:

«Լուսակերտի» թռչնաֆաբրիկայի թռչնանոցներից մեկում հոկտեմբեր ամսվա 25 օրերի ընթացքում 36480 թռչուններից անկել են 1869-ը (վերջին անկումը եղել է հոկտեմբերի 31-ին), ինչը շատ ցածր ցուցանիշ է և բնական երևույթ:

Թռչնաֆաբրիկայի տնօրենը ՍԱՊԾ մասնագետներին տեղեկացրել է, որ նշված ժամանակաշրջանում ժամանակացույցով նախատեսված անասնահամաճարակային միջոցառումներ՝ պատվաստումներ են իրականացվել, որից հետո որոշ թռչունների մոտ նկատվել է հետպատվաստային ռեակցիա:

Տնտեսավարողն իր նախաձեռնությամբ անկած թռչնի նմուշն ուղարկել է լաբորատոր հետազոտության. արդյունքում վարակիչ որևէ հիվանդություն չի հայտնաբերվել: Ավելին՝ անկման դեպքերը նվազել են, ավելի ուշ՝ դադարել:

Հրապարակման մեջ տեղ գտած՝ ձվի հնարավոր վտանգավորության խնդրին  ընդհանրապես չարժե անդրադառնալ, քանի որ անկած թռչունները եղել են 5 ամսական (թռչունն ածու է  համարվում՝ սկսած 180 օրականից):

Տեղեկացնենք նաև, որ, ըստ ՀՀ գործող  օրենսդրության,  թռչնաֆաբրիկայում  անասնաբուժական ծառայություն մատուցող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք  են պարտավոր հիվանդության արձանագրման կամ բռնկման դեպքում տեղեկացնել  անասնաբուժության ոլորտում լիազոր մարմնին՝ ՍԱՊԾ-ին:

Տեսանյութեր

Լրահոս