
ՄԱԿ-ը քննադատել է Ավստրալիային անօրինական ներգաղթյալների վատ կենսապայմանների պատճառով

Ներգաղթյալների իրավունքների հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանսուա Կրեպոն հայտարարել է, որ ավստրալական կենտրոններում անօրինական ներգաղթյալների և ապաստան հայցողների բնակության պայմանները դաժան են, անմարդկային և ստորացուցիչ։
Կրեպոյի խոսքով՝ որոշ ներգաղթյալներ, այդ թվում՝ երեխաները, պահվում են Նաուրու փոքրիկ կղզային պետության միգրացիոն կենտրոններում 8 տարի։ Նրանցից շատերը տառապում են դեպրեսիայից և հետտրավմատիկ ախտանիշներից։
«Կարծում եմ՝ Ավստրալիան կբողոքեր, եթե իր քաղաքացիների հետ նման ձևով վարվեին այլ երկրներում, հատկապես, եթե նման կերպ վարվեին ավստրալացի երեխաների հետ»,- նշել է Կրեպոն։
Միաժամանակ, նա գովել է Ավստրալիայի և ԱՄՆ-ի միջև պայմանավորվածությունը, որի համաձայն՝ երկիր ժամանած անօրինական ներգաղթյալների մի մասը կբնակեցվի ԱՄՆ-ում։
Ներկայումս Նաուրու կղզում և Նոր Գվինեայի ավստրալական կենտրոններում պահվում է մոտ 1200 մարդ։