«Է՜հ, աղջիկ ջան, է՜հ, դու շատ մեղք ես… Դավայ, ուրիշ էլ բան կա՞ հարցնելու». Վարդան Ղուկասյանը՝ լրագրողին. «Հրապարակ»
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «Հրապարակ» թերթի լրագրողի հետ զրույցում ողջունել է բանակին 1000 դրամ ազգովի հանգանակելու կառավարության նախաձեռնությունը: Համապատասխան օրինագծի՝ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունումը խորհրդարանի կողմից Ղուկասյանը համարում է «շատ ճիշտ, տեղին որոշում»:
– Պարոն Ղուկասյան, թույլ տվեք մի հարց տալ՝ Դո՞ւք ինչքան աշխատավարձ եք ստանում, եթե, իհարկե, աշխատում եք ինչ-որ տեղ:
– Է՜հ, աղջիկ ջան, է՜հ: Դու շատ մեղք ես: Ես էնքա՜ն բան եմ անում, որ ոչ մեկ չգիտի, եւ ոչ էլ ուզում եմ, որ դու իմանաս, ոչ էլ որեւէ հեռուստատեսություն: Դավայ, ուրիշ էլ բան կա՞ հարցնելու:
– Այո, Դուք հայտնի եք որպես աստվածավախ մարդ: Մեկ այլ աստվածավախ մարդ՝ ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը, ԱԺ-ում նախօրեին հայտարարեց, որ բանակի փողն ուտողների քթից Աստված կբերի, նրանք, եթե անգամ իրավապահների կողմից չպատժվեն, Աստծո դատաստանին են արժանանալու: Դո՞ւք ինչ կասեք այդ մասին:
– Միանշանակ՝ արժանանալու են Աստծո դատաստանին: Բոլորը, ոչ միայն գեներալները: Ընդհանրապես, ով ժողովրդի փողն ուտում է, Աստծուց անեծք է գալիս:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: