ԱԺ նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանն ու գործարար Մհեր Բագրատյանը բանկերին մատների վրա «ֆռռացնում» ու միլիոնավոր դոլարներ են տանում. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Այս մարդիկ գող ու ավազակ չեն, ոչ էլ ժամանակակից օստապբենդերներ: Թվում է՝ սովորական խոշոր բիզնեսմեններ են, բայց կարողանում են հայաստանյան բանկերին մատների վրա «ֆռռացնել», վարկերով միլիոնավոր դոլարներ վերցնել ու… վարկը չփակել:
Իսկ երբ բանկը ստիպված դիմում է դատարան, որպեսզի նրանց սեփականություն հանդիսացող գրավադրված հիմնարկը սնանկ ճանաչվի, որ վաճառքի միջոցով բանկի միլիոնները հետ բերի, ընկնում է իսկական շրջապտույտի մեջ: Որովհետև մեր նյութի հերոսները՝ ԱԺ նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը և գործարար Մհեր Բագրատյանը, գերազանց գիտեն, որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է:
Ու հարձակվել են: Որպեսզի իրենց սեփականությունը սնանկ չճանաչվի ու այն չկորցնեն, Երևանի մի քանի դատարաններում դատի են տվել բանկին:
Իսկ նման դեպքերում գրավադրվածը սնանկ չի ճանաչվում այնքան ժամանակ, մինչև դատական գործընթացները չավարտվեն: Գործընթացը կարող է տարիներ տևել: Այս ամենը դեռ ոչինչ: «Ամենակուրյոզ» պահերից մեկը բանկում միլիոնավոր դոլարների երաշխավորների «ինստիտուտն» է:
Ի՞նչ եք կարծում՝ ովքե՞ր են Խաչիկ Մանուկյանին և Մհեր Բագրատյանին երաշխավոր «կանգնածները»: Չեք հավատա, բայց՝ հենց իրենք են:
Օրինակ, նրանց «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ–ին երաշխավոր են կանգնել «Լուսակերտ 1»–ը , «Լուսակերտ 2»–ը, «Լուսակերտ 4»–ը, «Լուսակերտ 5»–ը, «Լուսակերտ 6»–ը, «Լուսակերտ 7»–ը: Իսկ էս ի՞նչ հիմնարկներ են, կհարցնեք: Այս ամենը նույն «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան» է: Բանկի հետ պայմանագիրը թարմացնելիս ֆաբրիկան 6 ՍՊԸ–ի են բաժանել ու իրենք իրենց երաշխավոր կանգնել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: