
«Արևմուտքն աջակցում է ԴԱԻՇ-ի ահաբեկիչներին». Էրդողան

Արևմուտքն այսօր հանդես է գալիս ԴԱԻՇ-ի ահաբեկիչների կողմից։ Ահաբեկիչների զենքն արտադրված է արևմտյան երկրներում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Պակիստանի խորհրդարանում, տեղեկացնում է Anadolu գործակալությունը։
Էրդողանը հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի ահաբեկիչները ոչ մի առնչություն չունեն իսլամի հետ։ «Դրանք մարդասպաններ են, որոնք թափում են մուսուլմանների արյունն ու որոնք անհրաժեշտ է ոչնչացնել։ Հակառակ դեպքում ո՛չ Թուրքիայում, ո՛չ Պակիստանում, ո՛չ էլ ողջ իսլամական աշխարհում կայունություն չի լինի»,- ընդգծել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ Թուրքիան ակտիվ պայքար է մղում ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դեմ։
«Ոչ ոք իսլամին ավելի մեծ վնաս չի հասցրել, քան ԴԱԻՇ-ի ահաբեկիչները։ Թուրքիան լուրջ պայքար է մղում ԴԱԻՇ-ի դեմ ինչպես իր տարածքում, այնպես էլ Սիրիայում և Իրաքում։ Այդ պայքարը շարունակվելու է»,- ասել է նա։а