
Պետդումայի կոմիտեն պաշտպանել է ՀՕՊ-ի մասին Հայաստանի հետ համաձայնագրի վավերացումը

ՌԴ Պետդումայի կոմիտեն հանձնարարել է ընդունել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման վերաբերյալ Հայաստանի հետ համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
«Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգ՝ որպես ԱՊՀ-ի մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի բաղկացուցիչ մաս»,- ասված է օրինագծին կից բացատրական փաստաթղթերում:
ՀՕՊ-ի տարածաշրջանային համակարգի հիմնական խնդիրներն են՝ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության գծով մարտական հերթապահության կազմակերպումն ու իրականացումը, մարտական կառավարման համակարգի, ինչպես նաեւ ՀՕՊ-ի զորքերի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի պահպանումը կիրառման համար մշտական պատրաստության վիճակում, հակաօդային պաշտպանության տարածաշրջանային այլ համակարգերի մեջ մտնող զորքերի (ուժերի) հետ փոխգործակցության իրականացումը, ասված է բացատրական գրության մեջ:
Համաձայնագիրը կնքված է հինգ տարի ժամկետով՝ հնգամյա շրջաններով դրա երկարացման հնարավորությամբ:
Ինչպես նշվում է բացատրական գրության մեջ, համաձայնագիրը լիովին համապատասխանում է ՌԴ-ի շահերին: «Դրա իրագործումը թույլ կտա բարձրացնել Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության պետական սահմանների պահպանության հուսալիությունը, ինչպես նաեւ սահմանել հակաօդային պաշտպանության զորքերի (ուժերի) կիրառման կարգը մարտական հերթապահության առաջադրանքները համատեղ կատարելիս»,-ասված է բացատրական գրության մեջ: