Բաժիններ՝

Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված գլխարկներով երկու տղամարդուն, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Թումանյան փողոցում գործող խանութից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։

Նախնական տվյալներով՝ 2 երիտասարդ, 2016թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 03:10-ի սահմաններում, կոտրելով Երևանք քաղաքի Թումանյան փողոցում գործող խանութներից մեկի ապակյա դուռը, մուտք են գործել ներս, սակայն նկատելով խանութում գտնվող պահակին` դիմել են փախուստի՝ իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չհասցնելով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում տեղադրված տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված գլխարկներով երկու տղամարդուն կամ որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ Ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս