
«ԵՄ-ն ափսոսում է, որ Ռուսաստանը լքեց Միջազգային քրեական դատարանը». Մոգերինի

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Եվրամիությունը ափսոսում է, որ Ռուսաստանը հրաժարվում է մասնակցել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին։
«Մենք ափսոսում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը հետ է կանչել իր ստորագրությունը և չի դառնում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի անդամ՝ համաձայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանի»,- ասվում է Մոգերինիի հայտարարության մեջ։
Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման էր ստորագրել, որով Ռուսաստանը դուրս է գալիս Միջազգային քրեական դատարանից (Հաագայի դատարան)։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Հաագայի Միջազգային քրեական դատարանը Ղրիմի բռնակցումը հավասարեցրել էր միջազգային զինված հակամարտության, որը պետք է հետաքննվի Հռոմեական կանոնադրության նորմերով։
Դատարանը որոշել էր շարունակել տվյալ հարցի վերաբերյալ ապացույցների հավաքագրումը 2017թ.։