«Դուք արեցիք առավելագույնը… Փառք ու պատիվ բոլորիդ». Ռուզաննա Խաչատրյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությունը 24 տարեկան է.
Հայոց բանակի կազմավորման, կայացման ու կատարելագործման տարիներին դժվարին ու բեղուն ճանապարհ է անցել ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությունը, որի հիմքերը դրվեցին Արցախյան ազատամարտի հրե հորձանուտում: Երկրի համար օրհասական այդ օրերին հայ կամավորականի ու զինվորի կողքին անձնազոհաբար կանգնեցին բազմաթիվ բժիշկներ ու բուժքույրեր՝ դառնալով ապավեն ու զորավիգ մեր ռազմիկներին, հավասարապես կրելով պատերազմի անողոք հարվածները, ցավն ու կսկիծը:
Սիրելի զինվորակա՛ն բժիշկներ, կարելի է անվերջ թվարկել ու հպարտանալ այն բազմաթիվ հաջողություններով ու նվաճումներով, որոնք ձեռք են բերվել ձեր անցած դժվարին ճանապարհին՝ տքնաջան աշխատանքի, մասնագիտական բարձր որակների կատարելագործման, սպայական անձնակազմի համախմբվածության, անձնազոհության շնորհիվ:
Ապրիլյան պատերազմի դժնդակ օրերին, երբ Արցախի սահմանները նորից սկսեցին այրվել հրե բոցերի մեջ, մահասփյուռ արկերի ներքո դուք տարհանում, բուժում, փրկում էիք մահվան որոգայթներում գտնվող զինվորին, սպային, խաղաղ բնակչին: Առաջնագծում, թե թիկունքում բժիշկ, թե բուժքույր, զինվորին ու սպային հավասար, դիմակայում էիք փորձությանը՝ առանց դադարի ու առանց հոգնության: Դուք արեցիք առավելագույնը` նոր էջ գրելով մեր ռազմաբժշկական տարեգրության մեջ: Փառք ու պատիվ բոլորիդ:
ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությունը գիտականորեն ուսումնասիրելու և նորօրյա մարտահրավերներին ավելի կազմակերպված ու համախմբված դիմակայելու նպատակով 2014 թ. ստեղծվեց «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ: Այն մի հարթակ է, որտեղ յուրաքանչյուր զինվորական բժիշկ, անկախ սպայական կոչումից և պաշտոնական դիրքից, հնարավորություն ունի անկաշկանդ կարծիք հայտնելու, բանավիճելու: Միություն է, որտեղ բոլորը համախմբվել են «Հանուն զինվորի առողջության» ծրագրի շուրջ: Երկամյա գործունեության ընթացքում ասոցիացիան, իր առջև դնելով բավական հավակնոտ և բազմաբովանդակ ծրագրեր, փորձեց ավելի խորը ուսումնասիրել ԶՈւ բուժծառայության, զինվորի ու սպայի առողջությանը վերաբերող հարցերը՝ նոր մոտեցումներ և նոր լուծումներ առաջարկելով: Գործունեության կարճատև ժամանակահատվածում ասոցիացիային ուղղված 500-ից ավելի նամակներից յուրաքանչյուրը քննարկվել է ասոցիացիայի մասնագիտական խորհրդի կողմից, և ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությունը առաջարկել է դրական լուծումներ: Հուսով եմ՝ այսուհետև նույնպես հասարակության հետ մեր համագործակցությունը շարունակվելու է, և համատեղ ջանքերով նոր ազգանվեր ձեռնարկումներ ենք իրականացնելու:
…Հայրենիքն ընդգրկում է ոչ միայն անցյալն ու ներկան, այլև գալիքը, իսկ գալիքի արևի ներքո մեր արժանապատիվ կեցությունն ապահովելու համար մենք չունենք այլընտրանք, քան մեր անցած ու ներկայի ձեռքբերումներով կայացած բանակի, այդ թվում՝ նաև ռազմաբժշկական ծառայության մարտունակության հետագա բարձրացումը:
Շնորհավորում եմ բոլորիդ հայոց բանակի բուժծառայության կազմավորման 24-րդ տարեդարձի առթիվ, մաղթում քաջառողջություն, անձնական երջանկություն, ծառայողական հաջողություններ:
Թող Աստծո օրհնությունը պահապան լինի հայոց զորքին և բոլորիս ընտանիքներին»:
Հարգանքներով՝
«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա»
ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյան